03:10  ,  22 փետրվարի, 2015

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի շնորհավորանքն Արթուր Աբրահամին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին շնորհավորել է ծննդյան 35-րդ տարեդարձի եւ բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ:

«Հպարտությամբ շնորհավորում եմ Արթուր Աբրահամին 42-րդ հաղթանակի եւ ծննդյան օրվա կապակցությամբ: Տարիներ շարունակ մեր ազգն ուրախացել է նրա հաղթանակներով, ապրել է երջանկության պահեր: Աբրահամն օրինակ է շատերի համար:

Արթուրի այս հաղթանակն ավելի է արժեւորում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված լինելու փաստը: Թող այս օրինակին հետեւեն շատերը: Շարունակի՛ր հաղթել եւ քեզանով հպարտանալու առիթներ տուր բոլորիս: Քեզ առողջություն, բազուկներիդ էլ՝ ուժ»,- զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին երկրորդ անգամ հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը: Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամը նշել էր, որ Սմիթի նկատմամբ հաղթանակը կնվիրի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում