Արթուր Աբրահամ – Փոլ Սմիթ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական մենամարտին սպասող Բեռլինի O2 World մարզահամալիրի տրիբունաներն արդեն լեփ-լեցուն են: Հազարավոր հյուրեր, պաշտոնական անձինք, գերմանացի հայտնի դերասաններ եկել են դիտելու ռեւանշ մենամարտը, որում հայ բռնցքամարտիկը կփորձի պաշտպանել չեմպիոնական տիտղոսը:
Ներկաների թվում է նաեւ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, ով իր չեմպիոնական գոտին կորցրել էր Արթուր Աբրահամի դեմ մենամարտում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Շտիգլիցը հայտնեց, որ ցանկանում է տեսնել Արթուր Աբրահամի նոկաուտով հաղթանակը, որպեսզի կարողանա եւս մեկ անգամ մենամարտել նրա դեմ:
«Եկել եմ հետեւելու Արթուրի մենամարտին: Սրտանց հաջողություն եմ մաղթում նրան: Ցանկանում եմ, որ անպայման հաղթի Սմիթին եւ պաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ցանկանում եմ, որ այսօր Արթուրի համար հրաշալի երեկո լինի, նա անցկացնի հետաքրքիր մենամարտ, որպեսզի հանդիպի ինձ: Մենք արդեն մրցակիցներ չենք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Այսպես պարբերաբար պայքարում ենք աշխարհի չեմպիոնի գոտու համար: Կարծում եմ՝ ես ու Արթուրը կունենանք եւս մեկ՝ վերջին մենամարտ: Ցանկանում եմ, որ Աբրահամն այս մենամարտն ավարտի այնպես, ինչպես ծրագրել է՝ առանց լուրջ վնասվածքների: Թող նա հաղթի նոկաուտով»,- ասաց Ռոբերտ Շիտգլիցը:
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամն էլ իր մարզիչ Ուլի Վեգների հետ ներկա էր եղել 2014-ի նոյեմբերի 9-ին Շտուտգարտում կայացած աշխարհի նախկին չեմպիոններ Ֆելիքս Շտուրմի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ մենամարտին, որում հաղթող չէր եղել: Այդ մենամարտի հաղթողը պետք է հնարավորություն ստանար հանդիպել հայ բռնցքամարտիկի հետ:
Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում