01:11 22 փետրվարի, 2015Արթուր Աբրահամ – Փոլ Սմիթ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական մենամարտին սպասող Բեռլինի O2 World մարզահամալիրի տրիբունաներն արդեն լեփ-լեցուն են: Հազարավոր հյուրեր, պաշտոնական անձինք, գերմանացի հայտնի դերասաններ եկել են դիտելու ռեւանշ մենամարտը, որում հայ բռնցքամարտիկը կփորձի պաշտպանել չեմպիոնական տիտղոսը:
Ներկաների թվում է նաեւ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, ով իր չեմպիոնական գոտին կորցրել էր Արթուր Աբրահամի դեմ մենամարտում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Շտիգլիցը հայտնեց, որ ցանկանում է տեսնել Արթուր Աբրահամի նոկաուտով հաղթանակը, որպեսզի կարողանա եւս մեկ անգամ մենամարտել նրա դեմ:
«Եկել եմ հետեւելու Արթուրի մենամարտին: Սրտանց հաջողություն եմ մաղթում նրան: Ցանկանում եմ, որ անպայման հաղթի Սմիթին եւ պաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ցանկանում եմ, որ այսօր Արթուրի համար հրաշալի երեկո լինի, նա անցկացնի հետաքրքիր մենամարտ, որպեսզի հանդիպի ինձ: Մենք արդեն մրցակիցներ չենք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Այսպես պարբերաբար պայքարում ենք աշխարհի չեմպիոնի գոտու համար: Կարծում եմ՝ ես ու Արթուրը կունենանք եւս մեկ՝ վերջին մենամարտ: Ցանկանում եմ, որ Աբրահամն այս մենամարտն ավարտի այնպես, ինչպես ծրագրել է՝ առանց լուրջ վնասվածքների: Թող նա հաղթի նոկաուտով»,- ասաց Ռոբերտ Շիտգլիցը:
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամն էլ իր մարզիչ Ուլի Վեգների հետ ներկա էր եղել 2014-ի նոյեմբերի 9-ին Շտուտգարտում կայացած աշխարհի նախկին չեմպիոններ Ֆելիքս Շտուրմի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ մենամարտին, որում հաղթող չէր եղել: Այդ մենամարտի հաղթողը պետք է հնարավորություն ստանար հանդիպել հայ բռնցքամարտիկի հետ:
Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.