10:51  ,  29 սեպտեմբերի, 2014

11 տարում Ուլի Վեգներն առաջին անգամ համբուրեց Արթուր Աբրահամին (ֆոտո)

Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները 11 տարվա մեջ առաջին անգամ համբուրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնին: Գերմանացի մասնագետն այնքան տպավորված է եղել 34-ամյա Աբրահամի՝ բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ հաղթանակից, որ չի կարողացել զսպել հույզերը: Դա Աբրահամի եւ Ուլի Վեգների 11-ամյա համագործակցության ընթացքում առաջին դեպքն էր, երբ մարզիչը համբուրում է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկին, գրում է Bild-ը:

«Արթո՛ւր, վերջապես ես հպարտ եմ քեզանով»,- մենամարտից հետո ասել է Ուլի Վեգները:

Պրոֆեսիոնալ ռինգում 41-րդ հաղթանակը տանելուց հետո Արթուր Աբրահամը նշել է, որ Ուլի Վեգներն աշխարհի լավագույն մարզիչն է. «Պայքարեցի այնպես, ինչպես ինձանից սպասում էր մարզիչս: Վեգների հետ մարզվելը ոչ թե հաճույք է, այլ՝ բանտային տանջանք: Սակայն ինձ համար նա աշխարհի լավագույն մարզիչն է»,- ասել է Աբրահամը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամը 31-ամյա Սմիթին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (117:111, 117:111, 119:109)՝ երկրորդ անգամ պաշտպանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը: Մարտից հետո հայ բռնցքամարտիկը հայտնեց, որ հնարավորություն կտա Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտի հաղթողին: Շտուրմի եւ Շտիգլիցի միջեւ մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին Շտուտգարտում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս