02:24  ,  28 սեպտեմբերի, 2014

Արթուր Աբրահամը դարձյալ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը: Այս անգամ հայ բռնցքամարտիկի մրցակիցն էր բրիտանացի Փոլ Սմիթը, ով դիմացավ մինչեւ վերջ: Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: 

Աբրահամն ավելի ագրեսիվ էր մեկնարկում, բայց նրա առավելությունը նկատվեց երրորդ ռաունդում: Արթուրը շատ վստահ էր գործում պաշտպանվելիս: Հաջորդ մի քանի ռաունդներում եւս Աբրահամն անցկացրեց լավ գրոհներ, թեեւ մրցակիցը նույնպես ակտիվ էր: Մենամարտի երկրորդ կեսում էլ հայ բռնցքամարտիկի հարվածներն ավելի վտանգավոր էին ստացվում, սակայն Սմիթը դրանց պատասխանում էր հակագրոհներով եւ մի պահ հավասարեցրել էր մարտը: Բրիտանացին ակտիվությամբ չէր զիջում Աբրահամին, ով անշտապ քայլերով շարժվում էր առաջ: Վերջնամասում Արթուրի մոտ նկատվում էր հոգնածություն, իսկ բրիտանացու համառությունը արդյունք չտվեց եւ Աբրահամը հաղթանակով ավարտեց մենամարտը:

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 34-ամյա Արթուր Աբրահամը երկրորդ անգամ պաշտպանեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը: Նախորդ մենամարտում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային: Սա Աբրահամի 41-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում (28 նոկաուտ): Նա կրել է նաեւ 4 պարտություն:


    

 

 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում