10:51 29 սեպտեմբերի, 2014Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները 11 տարվա մեջ առաջին անգամ համբուրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնին: Գերմանացի մասնագետն այնքան տպավորված է եղել 34-ամյա Աբրահամի՝ բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ հաղթանակից, որ չի կարողացել զսպել հույզերը: Դա Աբրահամի եւ Ուլի Վեգների 11-ամյա համագործակցության ընթացքում առաջին դեպքն էր, երբ մարզիչը համբուրում է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկին, գրում է Bild-ը:
«Արթո՛ւր, վերջապես ես հպարտ եմ քեզանով»,- մենամարտից հետո ասել է Ուլի Վեգները:
Պրոֆեսիոնալ ռինգում 41-րդ հաղթանակը տանելուց հետո Արթուր Աբրահամը նշել է, որ Ուլի Վեգներն աշխարհի լավագույն մարզիչն է. «Պայքարեցի այնպես, ինչպես ինձանից սպասում էր մարզիչս: Վեգների հետ մարզվելը ոչ թե հաճույք է, այլ՝ բանտային տանջանք: Սակայն ինձ համար նա աշխարհի լավագույն մարզիչն է»,- ասել է Աբրահամը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամը 31-ամյա Սմիթին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (117:111, 117:111, 119:109)՝ երկրորդ անգամ պաշտպանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը: Մարտից հետո հայ բռնցքամարտիկը հայտնեց, որ հնարավորություն կտա Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտի հաղթողին: Շտուրմի եւ Շտիգլիցի միջեւ մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին Շտուտգարտում:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.