18:30  ,  14 սեպտեմբերի, 2014

Հաղթանակ՝ 55 վայրկյանում. Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն (ֆոտոշարք)

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչում Եվրոպայի եռակի չեմպիոնը ոչ մի շանս չտվեց գերմանացի Օլիվեր Հասլերին՝ հաղթելով 8:0 հաշվով: Գյումրեցի ըմբիշից 55 վայրկյան պահանջվեց հաղթանակի համար: 98 կգ քաշայինների գոտեմարտով ավարտվեց աշխարհի 2014թ. առաջնությունը:

Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչում պարտված Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում հաղթել էր 2012թ. օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, ում պարտվել էր Լոնդոնի Խաղերում:

Եզրափակիչի ճանապարհին գյումրեցի ըմբիշը պարտության էր մատնել նաեւ Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին (10:1), հունգարացի Ադամ Վարգային (2:0) եւ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (1:0):

Սա Հայաստանի երկրորդ մդալն էր Տաշքենդում: Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում աշխարհի չեմպիոն էր դարձել նաեւ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում