13:19  ,  12 սեպտեմբերի, 2014

Աշխարհի առաջնություն. Արսեն Ջուլֆալակյանը կիսաեզրափակիչում է (ֆոտոշարք)

Օլիմպիական խաղերի եւ աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը դուրս է եկել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

75 քաշային Ջուլֆալակյանը քառորդ եզրափակիչում 11։2 հաշվով հաղթել է մեքսիկացի Խուան Էսկոբարին։ Եզրափակիչի ուղեգրի համար Եվրոպայի փոխչեմպիոնը կմրցի Զուրաբի Դատունաշվիլի (Վրաստան) - Գուրպրիտ Սինղ (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում հայ ըմբիշը վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին։

Սեպտեմբերի 12-ին ասպարեզ դուրս եկած 85 կգ քաշային Արթուր Շահինյանը մեկնարկային գոտեմարտում 0։3 հաշվով պարտվել էր իրանցի Ալի Մոյթաբա Քարիմֆարին։ Հայ ըմբիշի մրցակիցը հաջորդ փուլում պարտություն էր կրել, ինչի պատճառով Շահինյանը զրկվել է սփոփիչ գոտեմարտին մասնակցելու հնարավորությունից։

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում