13:44  ,  2 սեպտեմբերի, 2014

Հրաչյա Ռոստոմյան. Եթե Բաքվի Խաղերը օլիմպիական վարկանիշ չտան, Հայաստանը չի մասնակցի

2015թ. Եվրոպական մարզական խաղերում Հայաստանի մասնակցությունը դեռեւս հստակեցված չէ: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը հայտարարել է, որ գալու է Հայաստան՝ անձամբ խնդրելու, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցի: Բայց եթե այդ Խաղերը օլիմպիական վարկանիշ չեն տալու, Հայաստանը չի  մասնակցի: Մենք պետք է կենտրոնանանք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու վրա, եւ այդ ուղղությամբ երկու հզոր կառույցները՝ ՀԱՕԿ-ը եւ Սպորտի նախարարությունն աշխատում են մեկ նպատակ հետապնդելով՝ զարգացնել հայկական սպորտը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահն անձամբ գալու է Հայաստան՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում: Մինչեւ չգա, չքննարկենք, երաշխիքներ չլինեն, ՀԱՕԿ-ի նախագահի հետ հանդիպումից հետո նոր պարզ կլինի՝ Հայաստանը մասնակցում է Բաքվի Խաղերին, թե ոչ:

2015-ը նախաօլիմպիական տարի է: Բոլորը տարված են լինելու օլիմպիական վարկանիշ նվաճելով: Որեւէ հստակեցում չկա՝ այդ Խաղերում օլիմպիական վարկանիշ տալու են, չեն տալու: Հոկտեմբերյան հանդիպումից հետո նոր Հայաստանի մասնակցության ձեւաչափը պարզ կլինի:  Մեզ համար այս պահին կարեւոր են վարկանիշային մրցաշարերը, բոլորս սեւեռված ենք լինելու աշխարհի առաջնությունների վրա, որտեղ օլիմպիական վարկանիշ են խաղարկվելու»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԱՕԿ-ի եւ Սպորտի նախարարության համագործակցության մասին ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը նշեց.

«Սպորտը մի օրգանիզմ է: Չի կարող օրգանիզմը առանց որեւէ օրգանի աշխատել: Նույնը հայկական սպորտում է: Այս պահի դրությամբ ամեն ինչ համահունչ աշխատում է՝ ի նպաստ հայկական սպորտի զարգացման: Համագործակցության որեւէ այլ ձեւաչափ ՀՀ սպորտի նախարարության հետ մենք չունենք: Մեր նպատակներն այս պահի դրությամբ համադրվում են, ի տարբերություն անցյալի: Մեկ տարի առաջ մեր նպատակը մեկն էր, հայկական սպորտի զարգացում, զարգացման պայմանների ապահովում, ամեն ինչ սպորտի զարգացման համար: Նախկինում մեր եւ սպորտի նախարարության նպատակները չէին համընկնում: Իսկ հիմա այս երկու հզոր կառույցները աշխատում են մեկ գաղափարով, հայկական սպորտը տանել առաջ, միանշանակ քայլում են մի ուղղությամբ՝ բոլոր քայլերը տանելով դեպի զարգացում: Թե մեկ տարի անց ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով