13:44 2 սեպտեմբերի, 20142015թ. Եվրոպական մարզական խաղերում Հայաստանի մասնակցությունը դեռեւս հստակեցված չէ: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը հայտարարել է, որ գալու է Հայաստան՝ անձամբ խնդրելու, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցի: Բայց եթե այդ Խաղերը օլիմպիական վարկանիշ չեն տալու, Հայաստանը չի մասնակցի: Մենք պետք է կենտրոնանանք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու վրա, եւ այդ ուղղությամբ երկու հզոր կառույցները՝ ՀԱՕԿ-ը եւ Սպորտի նախարարությունն աշխատում են մեկ նպատակ հետապնդելով՝ զարգացնել հայկական սպորտը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահն անձամբ գալու է Հայաստան՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում: Մինչեւ չգա, չքննարկենք, երաշխիքներ չլինեն, ՀԱՕԿ-ի նախագահի հետ հանդիպումից հետո նոր պարզ կլինի՝ Հայաստանը մասնակցում է Բաքվի Խաղերին, թե ոչ:
2015-ը նախաօլիմպիական տարի է: Բոլորը տարված են լինելու օլիմպիական վարկանիշ նվաճելով: Որեւէ հստակեցում չկա՝ այդ Խաղերում օլիմպիական վարկանիշ տալու են, չեն տալու: Հոկտեմբերյան հանդիպումից հետո նոր Հայաստանի մասնակցության ձեւաչափը պարզ կլինի: Մեզ համար այս պահին կարեւոր են վարկանիշային մրցաշարերը, բոլորս սեւեռված ենք լինելու աշխարհի առաջնությունների վրա, որտեղ օլիմպիական վարկանիշ են խաղարկվելու»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
ՀԱՕԿ-ի եւ Սպորտի նախարարության համագործակցության մասին ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը նշեց.
«Սպորտը մի օրգանիզմ է: Չի կարող օրգանիզմը առանց որեւէ օրգանի աշխատել: Նույնը հայկական սպորտում է: Այս պահի դրությամբ ամեն ինչ համահունչ աշխատում է՝ ի նպաստ հայկական սպորտի զարգացման: Համագործակցության որեւէ այլ ձեւաչափ ՀՀ սպորտի նախարարության հետ մենք չունենք: Մեր նպատակներն այս պահի դրությամբ համադրվում են, ի տարբերություն անցյալի: Մեկ տարի առաջ մեր նպատակը մեկն էր, հայկական սպորտի զարգացում, զարգացման պայմանների ապահովում, ամեն ինչ սպորտի զարգացման համար: Նախկինում մեր եւ սպորտի նախարարության նպատակները չէին համընկնում: Իսկ հիմա այս երկու հզոր կառույցները աշխատում են մեկ գաղափարով, հայկական սպորտը տանել առաջ, միանշանակ քայլում են մի ուղղությամբ՝ բոլոր քայլերը տանելով դեպի զարգացում: Թե մեկ տարի անց ինչ կլինի, չեմ կարող ասել»:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.