Սպորտի նախարարությունը շարունակում է հայ օլիմպիական չեմպիոններին, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններին, մարզիչներին պարգեւատրել ոսկե մեդալներով: Այդ պարգեւին արժանացավ 1996թ. օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանին: Նա ստացավ ՀՀ նախարարության ոսկե մեդալը` հայկական սպորտի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար:
Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Այս օրերին Հայաստանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:
Օգոստոսի 26-ին Օլիմպիական չեմպիոնը 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելուց հետո առաջին անգամ հայրենիքում պարգեւատրվեց ՀՀ նախարարության ոսկե մեդալով:
«Այս պարգեւատրումները շարունակական բնույթ են կրելու: Այն մարզիկներն ու մարզիչները, ովքեր ունեն վաստակ հայկական սպորտում, կպարգեւատրվեն նախարարության ոսկե մեդալով: Նպատակ ունենք մեր մարզիկներին եւ մարզիչներին ուշադրության կենտրոնում պահել, խրախուսել: Սա շատ կարեւոր է յուրաքանչյուր մարզիկի, մարզիչի համար:
Արմեն Նազարյանն այս ոսկե մեդալը վաղուց պետք է ստանար, այս մեդալը մի փոքր ուշացած է: Իմացանք, որ Արմեն Նազարյանը գտնվում է Հայաստանում եւ որոշեցինք առիթը բաց չթողնել եւ նրան պարգեւատրել ոսկե մեդալով: Նա մեծ ներդրում ունի հայկական սպորտի զարգացման մեջ:
Ունենք համապատասխան հանձնաժողով, որը կայացնում է որոշում, թե ում պետք է պարգեւատրել ՀՀ նախարարության ոսկե մեդալով: Այս մեդալով մեր գրեթե բոլոր չեմպիոնները պարգեւատրվել են: Արմեն Նազարյանն էր մնացել, նա էլ պարգեւատրվեց այս մեդալով»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում