09:05  ,  17 մայիսի, 2024

Կարեն Աղամալյան․ Բաչկովն իր որոշմամբ է հրաժարվել վարկանիշային մրցաշարին մասնակցելուց

Հովհաննես Բաչկովն իր որոշմամբ է հրաժարվել օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելուց, քանի որ դեռ լիարժեք չի վերականգնվել ձեռքերի վիրահատությունից հետո: Բաչկովը մնում է  Բաչկով, բայց այս պահին իրադրությունն այսպիսին է, կմասնակցենք առանց նրա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Մայիսի 24-ից հունիսի 3-ը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կանցկացվի բռնցքամարտի Փարիզ-2024-ի վերջին վարկանիշային մրցաշարը: Այս օրերին բռնցքամարտիկները Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Երեւանի «Օլիմպավանում» հավաք են անցկացնում վարկանիշային մրցաշարից առաջ:

Հայաստանի հավաքականը դեռեւս չունի օլիմպիական ուղեգիր: Թաիլանդի մրցաշարում Հայաստանի կազմում ընդգրկված չի թիմի ավագ, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:

«Թաիլանդի վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Աղջիկներից վարկանիշային մրցաշարին կմասնակցեն Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ): Աղջիկներին նույնպես ես եմ պատրաստում, եւ ես եմ նրանց ուղեկցելու մրցաշարում:

Սա Փարիզ-2024-ի բոլոր օլիմպիական քաշային կարգերն են: Թաիլանդում անցկացվելիք վարկանիշային մրցաշարը մեր վերջին հնարավորությունն է, բռնցքամարտիկների վերջին պայքարն օլիմպիական ուղեգրի համար: Այս առումով շատ մեծ ու բարդ պայքար է մեզ սպասվում: Ամեն քաշային կարգում շուրջ 60-70 բռնցքամարտիկ է մրցելու:

Այս Օլիմպիական խաղերի համար տարբեր մայրցամաքների վարկանիշային մրցաշար չանցկացրին, ինչպես անցած Խաղերի համար էր: Չկար եվրոպական գոտու, աշխարհի մասշտաբով վարկանիշային մրցաշարեր են: Եթե լիներ եվրոպական գոտու, վստահ արդեն կունենայինք ուղեգրեր: Տեսաք, թե Եվրոպայի առաջնությունից քանի մեդալ բերեցինք: Այս անգամ երկու մրցաշարերն էլ համաշխարհային է:

Նշեմ, որ այս վարկանիշային մրցաշարում եզրափակիչներ չեն լինելու, մեդալներ չեն նվաճելու: Որոշ քաշերում 4 օլիմպիական ուղեգիր է խաղարկվելու, որոշներում՝ 3 կամ 2, այսինքն՝ միայն եզրափակիչ դուրս եկածները: Կիսաեզրափակիչում պարտվածները եւս մեկ մենամարտ անցկացնելու հնարավորություն են ունենալու: Բարդ է այն առումով, որ բոլոր քաշերում այնքան շատ մասնակիցներ կան, որ բռնցքամարտիկները մինչեւ կիսաեզրափակիչ հասնելը 4-5 մենամարտ պետք է հաղթեն: 

Լավ եմ տրամադրված այս մրցաշարին: Անպայման պետք է անենք, ինչ-որ արդյունք պետք է ունենանք, քանի որ դեռեւս չունենք ուղեգիր:

Տղաների մարզավիճակը լավ է: Մեկ հավաք ենք արել: Այս պահին էլ հավաքի մեջ ենք: Իմ եւ տղաների առջեւ խնդիր եմ դրել: Չի կարող առանց դրա լինել: Հասկանալի է, որ բոլորս մեկ նպատակով ենք մեկնում՝ նվաճել օլիմպիական ուղեգրեր:

Մայիսի 19-ին կավարտենք հավաքը եւ կմեկնենք»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Անդրադառնալով Հովհաննես Բաչկովի բացակայությանը, Կարեն Աղամալյանը նշեց, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն իր կամքով է հրաժարվել վարկանիշային մրցաշարից:

«Մենք խորհրդակցել ենք: Ինչպես նախկինում նշել էի, պետք է հասկանայինք՝ թիմի ավագը հասցնում է ապաքինվել ձեռքերի վիրահատությունից հետո, թե ոչ: Նա մասնակցեց հավաքին, բայց ես ասացի, որ ինքը պետք է որոշի՝ մասնակցում է, թե ոչ: Եվ նա որոշեց, որ այս պահին դեռ վտանգ կա, ձեռքերի երկաթները դեռ հեռացված չեն եւ այս առումով ռիսկային է մրցաշարին մասնակցելը: Իհարկե, Հովհաննես Բաչկովը մնում է Հովհաննես Բաչկով, բայց այս պահին իրադրությունն այսպիսին է, կմասնակցենք առանց նրա»,- մանրամասնեց Կարեն Աղամալյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով, 30 երկիր դեռեւս չունի օլիմպիական ուղեգիր:

«Շատ հնարավոր է, որ այս վարկանիշային մրցաշարից հետո, այն երկրները, որոնք վարկանիշ չունեն, նրանց համար լինեն հավելյալ  4 ուղեգիր: Այդ 4 ուղեգրերը բաշխվելու են այն երկրներին, որոնց կընտրի Միջազգային օլիմպիական կոմիտեն: Ուսումնասիրությունների արդյունքով է որոշվելու, թե որ երկրներին է տրվելու այդ ուղեգրերը»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով