17:08  ,  27 փետրվարի, 2012

Ֆերգյուսոն. Սքոլզն ու Գիգսը «Յունայթեդի» պատմության լավագույն խաղացողներն են

Անգլիայի առաջնության 26-րդ տուրի «Նորվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից հետո մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գովեստի խոսքեր է ասել թիմի վետերաններ Պոլ Սքոլզի եւ Ռայան Գիգսի հասցեին։

Հիշեցնենք, որ այդ խաղում Սքոլզի եւ Գիգսի գոլերի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2։1 հաշվով։

«Սքոլզն ու Գիգսը «Յունայթեդի» պատմության լավագույն խաղացողներն են։ Ռայանն արժանի էր նրան, որ հանդիպման վերջին վայրկյաններին հաղթանակ պարգեւեր մեր թիմին։ Պետք է նաեւ արժանին մատուցել «Յունայթեդի» դարպասապահին եւ պաշտպաններին, ովքեր հիանալի հանդիպում անցկացրին։ Ես գիտեի, որ Գիգսի ու Սքոլզի փորձը դեռ շատ է օգնելու մեզ»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Նշենք, որ «Նորվիչի» հետ հանդիպումը Ռայան Գիգսի համար 900-րդն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում