08:20  ,  27 հունիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Վենեսուելան հաղթեց Մեքսիկային եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային փուլի երկրորդ տուրում Վենեսուելայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց Մեքսիկային։ Միակ գոլը 57-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց մեքսիկական «Պաչուկայի» հարձակվող Սալոմոն Ռոնդոնը։

B խմբում Վենեսուելան երկու հաղթանակից հետո նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիրը։ Առաջին տուրում վենեսուելացիները 2:1 հաշվով հաղթել էին Էկվադորին։

Երկրորդ տուրում էկվադորցիները 3:1 հաշվով առավելության հասան Ջամայկայի նկատմամբ։

13-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Ջամայկայի եւ անգլիական «Քովենթրիի» կիսապաշտպան Քեյսի Փալմերը: Առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին Էկվադորի առավելությունը կրկնապատկեց այդ երկրի «Ինդեպենդիենտեի» կիսապաշտպան Քենդրի Պաեսը։

54-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Ջամայկայի եւ Լոնդոնի «Վեստ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն։

Էկվադորցիների երրորդ գոլը ավելացված առաջին րոպեին խփեց բելգիական «Բրյուգեի» հարձակվող Ալան Մինդան։

Էկվադորը 3 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող Մեքսիկան։ Վերջին տուրում այս թիմերը կխաղան իրար դեմ՝ վիճարկելով քառորդ եզրափակիչի ուղեգիրը։ Ջամայկան երկու պարտությունից հետո զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս