Հոլանդիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղից հետո 2 թիմերի մարզիչները կիսվել են տպավորություններով:
Ալեխանդրո Սաբելյա (Արգենտինա). «Երջանիկ եմ մի շարք պատճառներով: Առաջին հերթին, ուրախ եմ ֆուտբոլիստների համար, երկրորդը՝ հարազատներիս ու ընտանիքիս: Նրանց աջակցության շնորհիվ ես աշխատեցի ավելի լավ: Շնորհակալություն Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային, որն ինձ վստահել է այս պաշտոնը: Մենք այսօր պատմություն ենք կերտում: Տեսնենք թե ինչ կստացվի եզրափակիչում, սակայն մենք արդեն ունենք ուրախանալու առիթ: Ամբողջությամբ վստահում եմ իմ ֆուտբոլիստներին: Գրանցվեց ոչ ոքի, սակայն մեր թիմի կատարմամբ հիանալի խաղ էր: Յուրաքանչյուրն ապացուցեց, որ արժանի է խաղալ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով:
Մասկերանոն մեր խորհրդանիշն է: Նա արտակարգ ֆուտբոլիստ է, ում դերակատարումը մեծ է նաեւ խաղադաշտից դուրս: Պատահական չէ, որ Խավյերի հետ աշխատած բոլոր մարզիչները ցանկանում են նրան տանել իրենց հետ: Գերմանացիներից չեմ վախենում, սակայն հարգում եմ մյուս կիսաեզրափակիչի զույգին: Գերմանացիներն ուժեղ են ֆիզիկապես ու տակտիկապես: Նրանց դեմ կլինի չափազանց բարդ խաղ»:
Լուի վան Գալ (Հոլանդիա). «Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են խոսում իմ ու իմ թիմի մասին: Այո, մեզ չհաջողվեց ստեղծել մրցակցից շատ գոլային պահեր: Պետք է արժանին մատուցել արգենտինացիներին, թեեւ նրանք նույնպես չունեցան վտանգավոր պահեր: Խաղադաշտում տակտիկական պայքար էր, եւ նույնիսկ Ռոբենի, Վան Պերսիի, Սնեյդերի, Մեսիի, Ագուերոյի եւ Լավեսիի պես ֆուտբոլիստները չստեղծեցին գոլային պահեր:
Արդեն հիմա կարող եմ ասել, որ անցկացրինք ֆանտաստիկ մրցաշար: Ոչ ոք չէր ակնկալում տեսնել մեզ կիսաեզրափակիչում: Կոստա Ռիկան ու Մեքսիկան կազմակերպված ու բարդ մրցակիցներ էին, բայց Հոլանդիան շրջանցեց նրանք: Պարտությունը ցավալի է, քանի որ հավասար խաղ էր:
Եթե հնարավորություն ունենայի, ապա դարձյալ 11 մետրանոցներից առաջ Սիլեսենի փոխարեն խաղադաշտ դուրս կբերեի Կրուլին: Սերխիո Ռոմերոյին ես եմ սովորեցրել հետ մղել 11 մետրանոցներ: Կարծում եմ՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ Յոն Վաարն էր, ով վրիպեց 11 մետրանոցից»,- փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում: Հուլիսի 12-ին բրազիլացիներն ու հոլանդացիները Բրազիլիայի Ազգային ստադիոնում կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի