ԱԱ-2014. Հոլանդիա - Արգենտինա. Մարզիչների կարծիքները

10:40   10 հուլիսի, 2014

Հոլանդիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղից հետո 2 թիմերի մարզիչները կիսվել են տպավորություններով:

Ալեխանդրո Սաբելյա (Արգենտինա). «Երջանիկ եմ մի շարք պատճառներով: Առաջին հերթին, ուրախ եմ ֆուտբոլիստների համար, երկրորդը՝ հարազատներիս ու ընտանիքիս: Նրանց աջակցության շնորհիվ ես աշխատեցի ավելի լավ: Շնորհակալություն Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային, որն ինձ վստահել է այս պաշտոնը: Մենք այսօր պատմություն ենք կերտում: Տեսնենք թե ինչ կստացվի եզրափակիչում, սակայն մենք արդեն ունենք ուրախանալու առիթ: Ամբողջությամբ վստահում եմ իմ ֆուտբոլիստներին: Գրանցվեց ոչ ոքի, սակայն մեր թիմի կատարմամբ հիանալի խաղ էր: Յուրաքանչյուրն ապացուցեց, որ արժանի է խաղալ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով:

Մասկերանոն մեր խորհրդանիշն է: Նա արտակարգ ֆուտբոլիստ է, ում դերակատարումը մեծ է նաեւ խաղադաշտից դուրս: Պատահական չէ, որ Խավյերի հետ աշխատած բոլոր մարզիչները ցանկանում են նրան տանել իրենց հետ: Գերմանացիներից չեմ վախենում, սակայն հարգում եմ մյուս կիսաեզրափակիչի զույգին: Գերմանացիներն ուժեղ են ֆիզիկապես ու տակտիկապես: Նրանց դեմ կլինի չափազանց բարդ խաղ»:

Լուի վան Գալ (Հոլանդիա). «Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են խոսում իմ ու իմ թիմի մասին: Այո, մեզ չհաջողվեց ստեղծել մրցակցից շատ գոլային պահեր: Պետք է արժանին մատուցել արգենտինացիներին, թեեւ նրանք նույնպես չունեցան վտանգավոր պահեր: Խաղադաշտում տակտիկական պայքար էր, եւ նույնիսկ Ռոբենի, Վան Պերսիի, Սնեյդերի, Մեսիի, Ագուերոյի եւ Լավեսիի պես ֆուտբոլիստները չստեղծեցին գոլային պահեր:

Արդեն հիմա կարող եմ ասել, որ անցկացրինք ֆանտաստիկ մրցաշար: Ոչ ոք չէր ակնկալում տեսնել մեզ կիսաեզրափակիչում: Կոստա Ռիկան ու Մեքսիկան կազմակերպված ու բարդ մրցակիցներ էին, բայց Հոլանդիան շրջանցեց նրանք: Պարտությունը ցավալի է, քանի որ հավասար խաղ էր:

Եթե հնարավորություն ունենայի, ապա դարձյալ 11 մետրանոցներից առաջ Սիլեսենի փոխարեն խաղադաշտ դուրս կբերեի Կրուլին: Սերխիո Ռոմերոյին ես եմ սովորեցրել հետ մղել 11 մետրանոցներ: Կարծում եմ՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ Յոն Վաարն էր, ով վրիպեց 11 մետրանոցից»,- փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում: Հուլիսի 12-ին բրազիլացիներն ու հոլանդացիները Բրազիլիայի Ազգային ստադիոնում կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.