01:54  ,  5 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլիան կիսաեզրափակիչում է, Ռոդրիգեսը չփրկեց Կոլումբիային

Բրազիլիայի հավաքականը նվաճեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիրը՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Կոլումբիայի թիմի նկատմամբ: Քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում Բրազիլիան Ֆորտալեզայում ոչ առանց դժվարությունների կարողացավ պայքարից դուրս թողնել հարեւան երկրի ֆուտբոլիստներին:

7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տիագո Սիլվան բացեց հանդիպման հաշիվը: Երկու գոլային հնարավորություն ուներ Հալկը, սակայն հուսալի խաղաց Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինան:

69-րդ րոպեին տուգանային հարվածը փայլուն իրացրեց ՊՍԺ տեղափոխված Դավիդ Լուիսը, որը ոչ մի շանս չտվեց Օսպինային՝ հաշիվը դարձնելով 2:0:

80-րդ րոպեին իսպանացի մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոն 11 մետրանոց նշանակեց Բրազիլիայի դարպասին Ժուլիո Սեզարի խախտման համար: Աշխարհի առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորող Խամես Ռոդրիգեսը խփեց իր 6-րդ գնդակը (չորսական գնդակ են խփել Մեսին, Նեյմարը եւ Մյուլերը): Մնացած ժամանակում Կոլումբիան չկարողացավ հավասարեցնել հաշիվը:

88-րդ րոպեին Սունիգայի հետ բախվելուց հետո պատգարակով խաղադաշտից դուրս բերվեց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը: Նրան փոխարինեց Էնրիկեն: Դրանից առաջ այս մրցաշարում երկրորդ դեղին քարտն էր ստացել Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան, որը բաց կթողնի Գերմանիայի դեմ կիսաեզրափակիչ հանդիպումը:

Եզրափակիչի ուղեգրի համար Բրազիլիայի հավաքականը հուլիսի 8-ին կմրցի գերմանացիների հետ, որոնք 1:0 հաշվով հաղթել էին Ֆրանսիայի հավաքականին:

ԱԱ-2014. Քառորդ եզրափակիչ

Բրազիլիա - Կոլումբիա՝ 2:1

Տիագո Սիլվա, 7, Դավիդ Լուիս, 69 - Խամես Ռոդրիգես, 80, 11 մ

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Տիգաո Սիլվա, Դավիդ Լուիս, Մարսելո, Պաուլինյո (Էրնանես, 86), Ֆերնանդինյո, Հալկ (Ռամիրես, 82), Օսկար, Նեյմար (Էնրիկե, 88), Ֆրեդ:

Կոլումբիա. Օսպինա, Սունիգա, Սապատա, Յեպես, Արմերո, Սանչես, Գուարին, Կուադրադո (Կինտերո, 80), Ռոդրիգես, Իբարբո (Ադրիան Ռամոս, 46), Գուտյերես (Բակա, 70):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով