01:54 5 հուլիսի, 2014Բրազիլիայի հավաքականը նվաճեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիրը՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Կոլումբիայի թիմի նկատմամբ: Քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում Բրազիլիան Ֆորտալեզայում ոչ առանց դժվարությունների կարողացավ պայքարից դուրս թողնել հարեւան երկրի ֆուտբոլիստներին:
7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տիագո Սիլվան բացեց հանդիպման հաշիվը: Երկու գոլային հնարավորություն ուներ Հալկը, սակայն հուսալի խաղաց Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինան:
69-րդ րոպեին տուգանային հարվածը փայլուն իրացրեց ՊՍԺ տեղափոխված Դավիդ Լուիսը, որը ոչ մի շանս չտվեց Օսպինային՝ հաշիվը դարձնելով 2:0:
80-րդ րոպեին իսպանացի մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոն 11 մետրանոց նշանակեց Բրազիլիայի դարպասին Ժուլիո Սեզարի խախտման համար: Աշխարհի առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորող Խամես Ռոդրիգեսը խփեց իր 6-րդ գնդակը (չորսական գնդակ են խփել Մեսին, Նեյմարը եւ Մյուլերը): Մնացած ժամանակում Կոլումբիան չկարողացավ հավասարեցնել հաշիվը:
88-րդ րոպեին Սունիգայի հետ բախվելուց հետո պատգարակով խաղադաշտից դուրս բերվեց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը: Նրան փոխարինեց Էնրիկեն: Դրանից առաջ այս մրցաշարում երկրորդ դեղին քարտն էր ստացել Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան, որը բաց կթողնի Գերմանիայի դեմ կիսաեզրափակիչ հանդիպումը:
Եզրափակիչի ուղեգրի համար Բրազիլիայի հավաքականը հուլիսի 8-ին կմրցի գերմանացիների հետ, որոնք 1:0 հաշվով հաղթել էին Ֆրանսիայի հավաքականին:
ԱԱ-2014. Քառորդ եզրափակիչ
Բրազիլիա - Կոլումբիա՝ 2:1
Տիագո Սիլվա, 7, Դավիդ Լուիս, 69 - Խամես Ռոդրիգես, 80, 11 մ
Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Տիգաո Սիլվա, Դավիդ Լուիս, Մարսելո, Պաուլինյո (Էրնանես, 86), Ֆերնանդինյո, Հալկ (Ռամիրես, 82), Օսկար, Նեյմար (Էնրիկե, 88), Ֆրեդ:
Կոլումբիա. Օսպինա, Սունիգա, Սապատա, Յեպես, Արմերո, Սանչես, Գուարին, Կուադրադո (Կինտերո, 80), Ռոդրիգես, Իբարբո (Ադրիան Ռամոս, 46), Գուտյերես (Բակա, 70):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.