18:11  ,  26 հունիսի, 2014

Սուարեսը որակազրկվեց 9 խաղով եւ այլեւս չի խաղա ԱԱ-2014-ում

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվեց 9 խաղով, ինչպես նաեւ 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից եւ այդ ընթացքում չի մասնակցի ոչ մի մրցաշարի, հայտնում է ԱԱ-2014-ի թվիթերյան էջը:

Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստը պատժվեց ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար:

9-խաղյա որակազրկումը վերաբերում է միայն ազգային թիմերի խաղերին եւ ուժի մեջ կմտնի Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Ուրուգվայի հավաքականի առաջիկա հանդիպումից, ինչը նշանակում է, որ Սուարեսը 1/8 եզրափակիչում չի խաղա կոլումբացիների դեմ՝ բաց թողնելով մրցաշարի մնացած հատվածը: Բացի այդ, ուրուգվայցին կվճարի 100 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք:

Սուարեսը 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից. նա նույնիսկ չի կարող մարզվել թիմի հետ եւ գտնվել ստադիոնում: Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է բողոքարկել ՖԻՖԱ-ի որոշումը, սակայն դա հարձակվողին թույլ չի տա խաղալ կոլումբացիների դեմ:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը նման վարքով աչքի էր ընկել նաեւ 2013-ին կայացած Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում՝ կծելով սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Այդ միջադեպի պատճառով նա որակազրկվել էր Պրեմյեր լիգայի 10 խաղով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս