01:04  ,  25 հունիսի, 2014

ԱԱ-2014. Լուիս Սուարեսին սպառնում է 2 տարվա որակազրկում

ՖԻՖԱ-ն հետաքննություն կանցկացնի անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի՝ Իտալիայի եւ Ուրուգվայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում դրսեւորած վարքի վերաբերյալ: Այդ խաղում ուրուգվայցին կծել էր Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը, սակայն հանդիպման մրցավար Մարկո Ռոդրիգեսը չէր նկատել այդ դրվագը:

«Սպասում ենք խաղի պաշտոնական արձանագրությանը, իսկ հետո կհավաքենք բոլոր անհրաժեշտ նյութերը»,- ընդգծել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը, փոխանցում է Daily Star-ը:

ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ նմանատիպ խախտման համար առավելագույն պատիժը 24 խաղ կամ 2 տարի է: 

«Մի քանի անգամ դիտել եմ այդ դրվագը: Անկասկած, Սուարեսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն նրա վարքը հերթական անգամ քննադատության տեղիք է տալիս: ՖԻՖԱ-ն պետք է քննարկի այդ գործը եւ պատժի մեղավորին»,- ասել է ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար Ջիմ Բոյսը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը նման վարքով աչքի էր ընկել նաեւ 2013-ին կայացած Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում՝ կծելով սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Այդ միջադեպի պատճառով նա որակազրկվել էր 10 խաղով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով