Մոսկվայում անցկացված օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ մեդալ են նվաճել:
Հայաստանի վաստակավոր մարզիչ, ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ ռինգ դուրս եկան Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ:
Արարատի մարզի ներկայացուցիչ Տիգրան Արմենակյանը (81 կգ) նախնական փուլերում հաղթանակներ տարավ եւ մտավ եզրափակիչ: Բայց վճռական մենամարտը տանուլ տվեց եւ բավարարվեց երկրորդ տեղով: Արարատցի Բարեղամ Հարությունյանը (52 կգ), վանաձորցի Գագիկ Գեւորգյանը , երեւանցի Կարեն Տոնականյանը (երկուսն էլ` 60կգ) եւ էջմիածինցի գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը գրավեցին երրորդ տեղը:
Այս բռնցքամարտիկները ազգային հավաքականի պահեստայիններն են, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում