21:37  ,  29 մայիսի, 2014

Վիկ Դարչինյան. Հարկավոր է երկու տիտղոս նվաճել՝ Դոների հետ կրկին մենամարտելու համար

Ես հավատում եմ իմ ուժերին, եւ կարծում եմ, որ դա մարդկային մտածելակերպ է. հավատում ես, ուրեմն կարող ես, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (39-6-1, 28 նոկաուտ)՝ խոսելով WBA վարկածով աշխարհի գործող չեմպիոն Նիկոլաս Ուոլթերսի հետ (23-0, 19 նակաուտ) առաջիկա մենամարտի մասին։

Մենամարտը կկայանա մայիսի 31-ին չինական Մակաոյում։ Կվիճարկվի WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին։

«Եթե ես հավատում եմ, ուրեմն չպետք է հոգնեմ. նույնսիկ եթե հասնեմ 8-9 ռաունդներին, ապա այնպիսի թարմ տեսք պետք է ունենամ, ինչպիսին առաջինում։ Դու պետք է մարզես քո մարմինը եւ մտովի կառավարես այն: Ես նվաճել եմ շուրջ 14 տիտղոս, եւ եթե պահանջվի, որ ցույց տամ իմ հմտությունները, ապա կանեմ դա, քանի որ հավատում եմ, որ կկարողանամ: Ես հավատում եմ, որ կարող եմ նոկաուտի ենթարկել Ուոլթերսին։ Բայց դրանում համոզվելու համար պետք է հաղթեմ մինչեւ 7-8 ռաունդները։ Միայն այդ դեպքում կկարողանամ նրան նոկաուտի ենթարկել: Նա համարվում է անպարտելի, բայց ես կկանգնեցնեմ նրան»։

38-ամյա բռնքամարտիկը խոսել է նաեւ ֆիլիպինցի Նոնիտո Դոներից կրած երկրորդ պարտության, ինչպես նաեւ երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոնի հետ երրորդ մենամարտ անցկացնելու հնարավորության մասին։ Դարչինյանը նշել է, որ Դոները դեռ չի համաձայնի մենամարտել իր հետ, քանի որ վերջին մենամարտում նա մեծ խնդիրներ է ստեղծել ֆիլիպինցու համար։

«Հետագայում ցանկանում եմ կրկին մենամարտել Դոների հետ։ Այժմ շատ ավելի ուժեղ եմ, քան վերջին մենամարտի ժամանակ։ Դուք կտեսնեք տարբերությունը։ Եթե կարողանամ երկու տիտղոսներ նվաճել, ապա Դոները կրկին կմենամարտի ինձ հետ։ Սակայն վերջին մենամարտից հետո կարծում եմ, որ Նոնիտոն չի պատրաստվում հանդիպել ինձ հետ, քանի որ զգացել է իմ ուժը»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingnews24.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս