16:52  ,  8 մայիսի, 2014

Ալեքսանդր Թումասյան. Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը մեծ անակնկալ էր

Հայերը պարբերաբար հետաքրքվում էին իմ գործերով: Ինձ համար Հայաստանի հավաքականից հրավեր ստանալն իսկապես անկանկալ է՝ շատ հաճելի անակնկալ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆինլանդիայի «Յարո» ակումբի 21-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանը, ով առաջին անգամ հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական:

Ալեքսանդր, այսօր պարզ դարձավ, որ հրավիրվել ես Հայաստանի ազգային հավաքական: Անկեղծ ասած, շատ քիչ տեղեկություն ունենք քո մասին: Կպատմե՞ս որտեղից է ընտանիքդ, ինչպես ես սկսել զբաղվել ֆուտբոլով:

Ես հայ եմ: Հայրս հայ է, իսկ մայրս Ուկրաինայից է: Ամբողջ ընտանիքով շատ ուրախացանք այս հրավերի համար: Հայերեն չգիտեմ, բայց այս հրավերը ինձ համար լրացուցիչ մոտիվացիա կլինի հայերեն սովորելու հարցում: Հայաստանում չեմ եղել: Ֆուտբոլով սկսել եմ մարզվել Ռուսաստանի Ռոստով քաղաքում, որտեղ ծնվել եմ: Մարզվում էի Ռոստովի դպրոցում, հետո հայտնվեցի «Ռոստովի» ակումբի երկրորդ թիմում:

Ինչպե՞ս հայտնվեցիր Ֆինլանդիայում:

Հայրս իմ ելույթների տեսագրությունն ուղարկեց «Յարոյի» մարզիչին: Նա հետաքրքրվեց եւ զանհագարեց հորս՝ ասելով, որ պետք է մեկնեմ Ֆինլանդիա: Նախորդ մրցաշրջանում մեկնեցի այնտեղ: Արդարացրի սպասելիքները, իսկ վերջերս մեկ տարով երկարաձգեցի պայմանագիրը «Յարոյի» հետ: Արդեն երկրորդ տարին է այստեղ եմ:

Ո՞ր խաղային դիրքում ես ավելի վստահ զգում քեզ:

Հենակետային կիսապաշտպանի:

Նախկինում հետեւե՞լ ես Հայաստանի հավաքականի ելույթներին:

Այո, իհարկե: Այսօր շատ եմ կարդում, որ սա վերջին ժամանակների ամենաուժեղ հավաքականն է: Հիմա իսկապես հնարավորություն է ստեղծվել հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:

Մինչեւ այս հրավերը կապ ունե՞իր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Ինձ հետ շփվում էին, բայց չգիտեմ դա ֆեդերացիայից էր, թե՝ ոչ: Հայերը պարբերաբար հետաքրքվում էին իմ գործերով: Ինձ համար սա իսկապես անակնկալ է՝ շատ հաճելի անակնկալ:

Այսօ՞ր իմացար, որ հրավիրվել ես, թե գիտեիր վաղուց:

Ես գիտեի, որ իմ թեկնածությունը քննարկվում է, բայց հստակ իմացա այսօր: Ինձ հետ պարբերաբար կապվում էին, հետաքրրքվում, թե ինչպես են գործերս: Ասել էին, որ ազգային հավաքականի մարզիչը հետաքրքված է ինձանով, ես էլ ասացի, որ շատ կցանկանամ արդարացնել սպասելիքները:

Քանի որ երբեք Հայաստանում չես եղել, հնարավո՞ր է հավաքից մի քանի օր շուտ ժամանես Երեւան:

Որքան գիտեմ, թիմը հավաքվում է ամսի 21-ին: Այժմ Ֆինլանդիայում ֆուտբոլային թեժ մրցաշրջան է, այդ պատճառով չեմ կարողանա շուտ գալ:

Ալեքսանդր, բարի գալուստ Հայաստան:

Շատ-շատ շնորհակալ եմ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով