18:52  ,  7 մայիսի, 2012

Daily Mirror. Հեյ - Չիսորա մենամարտը կոյուղային կդարձնի բռնցքամարտը

Daily Mirror-ի սյունակագիր Դեւիդ Անդերսոնը ներկայացրել է իր դիտարկումները Դեւիդ Հեյ – Դերեկ Չիսորա հնարավոր մենամարտի վերաբերյալ եւ եզրակացրել, որ դա կլինի բռնցքամարտի խայտառակությունը:

«Դեւիդ Հեյի եւ Դերեկ Չիսորայի ծեծկռտուքը բավարար խայտառակություն չէր բռնցքամարտի համար, եւ այժմ նրանք որոշել են գումար վաստակել դրա շնորհիվ եւ դուրս գալ ռինգ:

Չիսորայի պրոմոուտեր Ֆրենկ Ուորրենը կհայտարարի, որ Մյունխենում սկսած ծեծկռտուքը բռնցքամարտիկները կավարտեն հուլիսի 14-ին: Այս երկուսը ցինիկաբար ցանկանում են գումար վաստակել իրենց խայտառակ վարքի շնորհիվ:

Առավել ցավալի է, որ նրանք փորձելու են շրջանցել Չիսորայի որակազրկումը` թույլտվություն ստանալով Լյուքսեմբուրգի նոր ձեւավորված Բռնցքամարտի կոմիտեից: Եթե այդ կոմիտեն թույլ տա մենամարտի անցկացումը, ապա Չիսորային որակազրկած Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական խորհուրդը անզոր կլինի որեւէ բան անել:

Առանց այդ էլ բռցքամարտի երկրպագուները երես են թեքում մարզաձեւից, քանի որ ուժեղագույնները հաճախ են հրաժարվում մենամարտել իրար հետ:

Չիսորայի եւ Հեյի ծեծկռտուքը բռնցքամարտի քննադատներին մեկ անգամ եւս ստիպեց պնդել, որ բռնցքամարտը սրիկաների մարզաձեւ է: Եթե Հեյ – Չիսորա մենամարտը տեղի ունենա, ապա այն էլ ավելի կոյուղային կդարձնի բռնցքամարտը:

Գրոշի գին չունի Բրիտանական խորհրդի պատիժը, եթե որակազրկված բռնցքամարտիկը կարող է մենամարտել այլ երկրի հովանու ներքո:

Երբ անցած հոկտեմբերին Հեյը հայտարարեց 30 տարեկանում բռնցքամարտից հեռանալու մասին` ես ծափահարեցի նրա այդ որոշմանը, քանի որ նա խոստացել էր: Երբ նա հայտարարեց, որ կվերադառնա ռինգ միայն Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտելու համար, քանի որ անավարտ գործ ունի ուկրաինացի եղբայրների հետ` ես դա համարեցի բավական ազնիվ:

Սակայն Կլիչկոների հետ պատվի եւ վրեժխնդրության մասին բոլոր խոսակցությունները կարժեզրկվեն, եթե Հեյը մենամարտի Չիսորայի հետ: Նրա միակ մոտիվացիան կլինի ինչքան հնարավոր է շատ գումար կորզելը: Պարզաբանենք. Չիսորան երբեք չի եղել Հեյի ծրագրերում, մինչեւ Մյունխենի ծեծկռտուքը: Նրա միակ նպատակը Կլիչկո եղբայրներն էին

Նշանակություն չունի, թե ինչով է ցանկանում քողարկել այդ խայտառակությունը պրոմոուտեր Ուորենը: Այդ մենամարտը միայն պարգեւ կլինի սրիկաների համար: Սպորտում այսպիսի երեւույթը տեղ չունի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով