19:15  ,  28 մարտի, 2014

Արթուր Գեւորգյան. Հնարավոր է՝ 2015թ. Եվրոպայի առաջնությունն անցկացնենք Երեւանում

Մենք դիմել ենք միջազգային ֆեդերացիային, որպեսզի հաջորդ տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելու հնարավորություն տան:

Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

«Ապրիլի 24-ին մեծահասակները մեկնում են միջազգային երկու մրցաշարի: Մի մասը կմասնակցեն Մոնտենեգրոյում կայանալիք միջազգային մրցաշարի, մյուս մասը՝ Բելգրադում:

Ունենք մի շարք ընկերական հանդիպումներ Վրսատանի բռնցքամարտիկների հետ: Իրանն է ցանկություն հայտնել հունիսին Երեւանում հանդիպումներ անցկացնել:

Ես բռնցքամարտում  երկար տարիների փորձ ունեմ: Շատ դեպքերում անձամբ եմ շփվում տղաների հետ: Մեծամասամբ մասնակցում եմ իրենց մարզումներին: Փորձում եմ օգնել, հոգեբանորեն պատրաստել:

Մենք երկրում ունենք սպորտային հոգեբանի կարիք: Ռինգ մտնելու տագնապը բառերով  նկարագրել անհնար է: Սա ծանրաձող չի, դու գործ ունես մարդու հետ՝ քո անմիջական մրցակցի հետ:

Բռնցքամարտը գնալով մոտենում է իր ակունքներին: AIBA-ում  հասկացան, որ սիրողական բռնցքամարտը ապագա չունի: Եվ բռնցքամարտը տանում են դեպքի պրոֆեսիոնալ:

Մենք դիմել ենք միջազգային ֆեդերացիային, որպեսզի հաջորդ տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելու հնարավորություն տան:

Եթե դա չստացվի, ապա կանցկացնենք Օլիմպիական վարկանիշային մեկ մրցաշար: Եթե AIBA-ն հաստատի, ապա այդ մրցաշարը կլինի Վլադիմիր Ենգիբարյանի հուշամրցաշարը:

Ինչ վերաբերում է Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանի մենամարտը Հայաստանում անցկացնելուն՝ դեռ որոշման փուլում է, խնդիրներ կան»,- ասաց Գեւորգյանը:

Խոսելով բռնցքամարտիկ Արամ Ավագյանի մասին, ով չէր մասնակցել Հայաստանի առաջնությանը, սակայն համալրել է հավաքականը՝ Գեւորգյանն ասաց.

«Արամ Ավագյանը եւ նրա մարզիչ Կարեն Աղամալյանը եկան ֆեդերացիա եւ խնդրեցին, որ Արամին ընդգրկենք հավաքական: Նա կմասնակցի մարզումներին, հավաքներին, նաեւ միջազգային մրցումներին, բայց նա առաջին համարը չէ: Մենք այդ քաշային կարգում  ունենք հաղթող, ունենք երկրորդ մրցանակակիր, նրանցից հետո միայն Արամ Ավագյանն է, չնայած ես չեմ բացառում, որ Արամը նրանցից ուժեղ կարող է լինել»,- եզրափակեց Գեւորգյանը:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում