19:15 28 մարտի, 2014Մենք դիմել ենք միջազգային ֆեդերացիային, որպեսզի հաջորդ տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելու հնարավորություն տան:
Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:
«Ապրիլի 24-ին մեծահասակները մեկնում են միջազգային երկու մրցաշարի: Մի մասը կմասնակցեն Մոնտենեգրոյում կայանալիք միջազգային մրցաշարի, մյուս մասը՝ Բելգրադում:
Ունենք մի շարք ընկերական հանդիպումներ Վրսատանի բռնցքամարտիկների հետ: Իրանն է ցանկություն հայտնել հունիսին Երեւանում հանդիպումներ անցկացնել:
Ես բռնցքամարտում երկար տարիների փորձ ունեմ: Շատ դեպքերում անձամբ եմ շփվում տղաների հետ: Մեծամասամբ մասնակցում եմ իրենց մարզումներին: Փորձում եմ օգնել, հոգեբանորեն պատրաստել:
Մենք երկրում ունենք սպորտային հոգեբանի կարիք: Ռինգ մտնելու տագնապը բառերով նկարագրել անհնար է: Սա ծանրաձող չի, դու գործ ունես մարդու հետ՝ քո անմիջական մրցակցի հետ:
Բռնցքամարտը գնալով մոտենում է իր ակունքներին: AIBA-ում հասկացան, որ սիրողական բռնցքամարտը ապագա չունի: Եվ բռնցքամարտը տանում են դեպքի պրոֆեսիոնալ:
Մենք դիմել ենք միջազգային ֆեդերացիային, որպեսզի հաջորդ տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելու հնարավորություն տան:
Եթե դա չստացվի, ապա կանցկացնենք Օլիմպիական վարկանիշային մեկ մրցաշար: Եթե AIBA-ն հաստատի, ապա այդ մրցաշարը կլինի Վլադիմիր Ենգիբարյանի հուշամրցաշարը:
Ինչ վերաբերում է Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանի մենամարտը Հայաստանում անցկացնելուն՝ դեռ որոշման փուլում է, խնդիրներ կան»,- ասաց Գեւորգյանը:
Խոսելով բռնցքամարտիկ Արամ Ավագյանի մասին, ով չէր մասնակցել Հայաստանի առաջնությանը, սակայն համալրել է հավաքականը՝ Գեւորգյանն ասաց.
«Արամ Ավագյանը եւ նրա մարզիչ Կարեն Աղամալյանը եկան ֆեդերացիա եւ խնդրեցին, որ Արամին ընդգրկենք հավաքական: Նա կմասնակցի մարզումներին, հավաքներին, նաեւ միջազգային մրցումներին, բայց նա առաջին համարը չէ: Մենք այդ քաշային կարգում ունենք հաղթող, ունենք երկրորդ մրցանակակիր, նրանցից հետո միայն Արամ Ավագյանն է, չնայած ես չեմ բացառում, որ Արամը նրանցից ուժեղ կարող է լինել»,- եզրափակեց Գեւորգյանը:
Շուշանիկ Հակոբյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.