19:53  ,  10 մարտի, 2014

Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները (ֆոտո)

Մարտի 10-ին Երեւանի «Դինամո»  մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների  առաջնության եզրափակիչ մենամարտերը:

49  կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեցին դինամոյական Ալեն Դանիելյանը և Շիրակի մարզը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանը, որն էլ դարձավ հաղթող: Այս քաշային կարգում  բրոնզե մեդալակիրներ դարձան Ջանիկ Սահակյանն ու Արտյոմ Ալեքսանյանը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

52 կգ քաշային կագում Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արսեն Պողոսյանը հաղթանակ տոնեց Եվրոպայի պատանիների  առաջնության չեմպիոն Դավիթ Ասատրյանի նկատմամբ: 52 կգ քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան Անուշավան Հարությունյանն ու Թելման Հովհաննիսյանը:

56 կգ քաշային կարգում պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Շահվերդյանը առանց մեծ դժվարության հաղթեց Սպարտակ Թամարյանին: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Էդուարդ Ավետյանն ու Էրիկ Պետրոսյանը:

Դիտարժան ստացվեց հատկապես 60 կգ քաշային կարգի եզրափակիչը, չեմպիոն դարձավ գյումրեցի Ժորա Համազարյանը: 2-րդը Սամվել Մելիքյանն էր, իսկ 3-րդ մրցանակին արժանացան Տիգրան Սադոյանն ու Սևակ Մկրտչյանը:

64 կգ քաշային կարգի եզրափակչում  դինամոյական Արմեն Մխիթարյանը հաղթեց Արարատ Գյուլբանգյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան Վանաձորի մարզադպրոցը ներկայացնող Ղազար Գասպարյանն ու Գառնիկ Պապիկյանը:

69 կգ քաշային կարգում հավասարը չուներ գյումրեցի Տիգրան Մելքոնյանը: 2-րդը Վարդան Քոսյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Կորյուն Պապոյանն ու Մովսես Թորոսյանը: 

75 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Գևորգ Պետրոսյանը, ով եզրափակիչ մենամարտում առավելության հասավ գյումրեցի Արմեն Մինասյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձան Հայկազ Ղազարյանն ու Կարեն Հարությունյանը:

81 կգ քաշային կարգում Եվրոպայի պատանիների առաջնության կրկնակի մրցանակակիր Նարեկ Մանասյանը   բացարձակ առավելությամբ հաղթեց Ռազմիկ Հարությունյանին: 81 կգ քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Հակոբ Հարությունյանն ու Նարեկ Քամալյանը:

91-ում չեմպիոնի կոչմանը արժանացավ Սերյոժա Հակոբյանը: 2-րդ Արտյոմ Միքաելյանն էր , իսկ բրոնզե մեդալներին արժանացան Դավիթ Չալոյանն ու Հովհաննես Խաչատրյանը:

Գերծանր քաշային կարգում հավասարը չուներ Գնել Մուրադյանը, ով  եզրափակչում պարտության մատնեց Արամ Աբրահամյանին: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Միքայել Սահակյանը և Ավետիս Հարությունյանը:

Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի ապրիլի 10-ից 25-ը Բուլղարիայւոմ կայանալիք աշխարհի երիտասարդների առաջնությանը:

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում