19:32  ,  28 փետրվարի, 2014

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչի մասնակիցները

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության քառորդ եզրափակիչի մենամարտերը: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարեցին 60, 64, 69 եւ 75 կգ քաշային կարգերի բռնցքամարտիկները, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

60 կգ քաշային կարգում հաջող ելույթ ունեցավ Գեղարքունիքի մարզը ներկայացնող Հայրիկ Նազարյանը եւ մրցավարների միաձայն որոշմամբ ճանաչվեց հաղթող: Այս քաշային կարգում հաղթանակ տարան նաեւ Անդրանիկ Հլոյանը, Արթուր Վարդանյանը եւ Կարեն Տոնականյանը:

64 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին դինամոյական Գոռ Երիցյանը, Էջմիածինը ներկայացնող Արա Պլուզյանը, Հովհաննես Բաչկովն ու Մաքսիմ Ակոպովը:

69 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներ տարան Վլադիմիր Մարգարյանը եւ Ռաֆայել Բարսեղյանը: Արթուր Սարգսյան - Էդգար Ղուկասյան մենամարտում, բռնցքամարտին ոչ հարիր մենամարտ անցկացնելու պատճառով, մրցավարական հանձնաժողովը երկու մարզիկներին էլ որակազրկեց: Լեո Պապյանին էլ հաղթանակ շնորհվեց մրցակցի չներկայանալու պատճառով:

75կգ քաշային կարգում ուժգին հարվածով մենամարտն առաջին իսկ ռաունդում ավարտեց Շիրակի մարզը ներկայացնող Արման Հովհիկյանը: Կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին նաեւ Արտյոմ Գալստյանը, Գոռ Ջեւելիկյանը եւ Արման Դարչինյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում