16:07 10 փետրվարի, 2014NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը Սոչիից ներկայացնում է Օլիմպիական բլոգի հերթական թողարկումը:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը թեժ ընթացքի մեջ են՝ օլիմպիական չեմպիոներ, ամեն օր մրցումներ, հաղթանակներ, պարտություններ, երջանկության ու հիասթափության արցունքներ: Քաղաքը շնչում է օլիմպիական խաղերով՝ բառիս բուն իմաստով:


Այստեղ օրը սկսվում է առավոտյան ժամը 5-ից եւ ավարտվում ուշ գիշեր՝ ժամը 3-ին կամ 4-ին: Կիրակի մեր հայ օլիմպիականներից երկուսը՝ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը մեկնարկեցին, անհրաժեշտ էր նրանց կողքին լինել, գոտեպնդել, երկրպագել, լուսաբանել: Իսկ դրա համար անհրաժեշտ էր ծովափից հասնել լեռներում գտնվող «Լաուրա» մարզահամալիր:

«Լաուրա» մարզահամալիրը «Օլիմպիական պարկից» գտնվում է շուրջ 60 կմ հեռավորության վրա: Իսկ այնտեղ հասնելու համար պետք է մի քանի երթուղի փոխել՝ ավտոբուս, գնացք, ճոպանուղի եւ երկար ճանապարհ ոտքով:
Սոչիում հատուկ օլիմպիական քաղաքի համար կառուցվել է նաեւ երկաթուղու նոր գիծ՝ «Լաստոչկա» բոլոր օլիմպիական կառույցների երթուղիներով՝ Սոչի – Մացեստա – Խոստա – Ադլեր – օդանավակայան – օլիմպիական ավան - «Օլիմպիական պարկ» - Էստո Սադոկ -Կրասնայա Պոլյանա:

Քայլերս ուղղեցի դեպի «Օլիմպիական պարկի» կայարան: Այստեղ նախքան կայարան մուտք գործելը մի կառույց պետք է անցնես, որն ինձ հեռվից թվաց անցում կամ գետնանցում: Բայց երբ մոտեցա եւ ներսում հերթը տեսա, հասկացա, որ կրկին անվտանգության անցակետում եմ հայտնվել: Ավելի քան 20 անցակետ է այստեղ աշխատում՝ բոլոր գնացք մուտք գործողներին մանրամասն զննում են՝ պայուսակ, հագուստ, սնունդ: Արդեն կայարանում հսկողությունը հանձնված էր ոստիկանությանը, որն տարօրինակ հագնված ամեն մարդուն զննում են կամ գալիս ուղղակի կանգնում կողքին: Կայարանում սպասելիս հասցրեցի հիանալ մարդկանց ոգեւորությամբ:
Քաղաքը, մարդիկ տոնի մեջ են, նրանց համար Օլիմպիական խաղերը իսկական տոն են: Բոլորը դուրսն են, ուրախ, ընտանիքներով զբոսնում են, լուսանկարվում, ժպտում, համբուրվում, գրկում միմյանց ամեն վայրկյան: Կյանքը եռում է, բոլորը ցանկանում եմ մի մասը լինել այս Օլիմպիական խաղերի: Կարծես՝ բոլորը հասկանում են, որ սա իրենց կյանքի գուցե միակ հնարավորությունն է սեփական երկրում, հայրենի քաղաքում հյուրընկալել սպորտային այս ամենամեծ իրադարձությունը: Ծերերից մինչեւ նորածին մասնակից են այս տոնին: Ամեն պահ աչքիդ կընկնեն նույնիսկ նորածիններ՝ մի քանի ամսական, մայրերի գրկում: Ամենուր եւ ամենքի ձեռքին Ռուսաստանի դրոշն է, ազգովի երկրպագում են իրենց մարզիկներին, ու դա թերեւս ամենալավ բանն է մարզիկների համար:
Երբ մուտք գործեցի գնացք, կայարանի աշխատակիցներից մեկն ինձ ձեռքով արեց հեռվից եւ հետեւիցս բղավեց հայերեն՝ մերոնք ամենուր են, ինչ լավ է: Չհասցրեցի նրան պատասխանել, գնացքի դռները փակվեցին: Ինձ միացավ նաեւ Հանրայինի նկարահանող խումբը:
Գնացքով հասանք մինչեւ Կրասնայա Պոլյանա, որտեղից ճոպանուղով հատեցինք բարձր ժայռը: Վերեւում մեզ սպասվում էր ոտքի երկար բարդ ճանապարհ մինչեւ «Լաուրա» հասնելը:
«Լաուրայում» ուշադրությունս կենտրոնացրեցի մերոնց ելույթների վրա: Այդ ահռելի մեծ մարզահամալիրում կառուցված է միջազգային ստանդարտներին համապատասխան մրցուղի դահուկորդների եւ բիատլոնիստների համար:
Ցանցային լրագրողների եւ հեռուստամեկնաբանների համար հատկացված տեղերը տարբեր էին: Միաժամանակ աշխատում էին մոտ 5000-ից ավելի լրագրող ու լրատվամիջոց: Ամեն դահուկորդի ելույթի ավարտից հետո նրան շրջապատում էին տվյալ երկրի տասնյակ լրագրողներ եւ հարցազրույցներ անցկացնում: Մեր տղաներին մոտեցանք միայն ես՝ NEWS.am Sport-ը եւ հայկական Առաջին ալիքը: Կարծում եմ, ելույթներն ավարտելուց հետո մեր օլիմպիականներն իրենց միայնակ չզգացին այդ հարցազրույցների տարափի մեջ: Որպես ամփոփում՝ եկեք երկրպագենք մեր մարզիկներին. նրանք այնքան ունեն դրա կարիքը:
Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հեքիաթն ավարտվեց կամ գուցե դեռ նոր է սկսվում (ֆոտո)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.