20:05  ,  25 ապրիլի, 2012

Գագիկ Ծառուկյանը 10 միլիոն դրամ նվիրեց Վլադիմիր Ենգիբարյանին

Բռնցքամարտի օլիմպիական չեմիոն Վլադիմիր Ենգիբարյանը պետք է արժանապատիվ ծերություն վայելի, այսօր, ապրիլի 25-ին անվանի մարզիկի 80-ամյակի կապակցությամբ  կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Վ. Ենգիբարյանին նվիրեց 10 միլիոն դրամ:

Այս օրերին Հայաստանում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եւ ԽՍՀՄ եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում: Հայաստան այցելության առիթը անվանի մարզիկի տարեդարձն է: Այս տարի լրանում է նրա 80-ամյակը:

Այս կապակցությամբ, «Մոսկվա» կինոթատրոնում, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ  կազմակերպվել էր մեծ միջոցառում: Կինոթատրոնի շենքի ճակատին մեծ պաստառով փակցված էր Վ. Ենգիբարյանի լուսանկարը: Կարմիր գորգով անցնելով Վլադիմիր Ենգիբարյանին կինոթատրոնի շքամուտքում դիմավորեցին իր անվան` «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» սաները բռնցքամարտի մարզահագուստով եւ ձեռնոցներով: Վ. Ենգիբարյանին միջոցառման դահլիճ ուղեկցեց Գագիկ Ծառուկյանը, ում հրավերով էլ Հայաստան է ժամանել Վ. Ենգիբարյանը:

Անվանի մարզիկին շնորհավորեցին հայկական սպորտի վարպետները, մարզասերները, ՀԱՕԿ-ի աշխատակազմը:

Նվերը հուզեց հոբելյարի տիկնոջը. նա հուզմունքից չկարողացավ ավարտին հասցնել շնորհակալական խոսքն ուղղված Գագիկ Ծառուկյանին:

Գ. Ծառուկյանն էլ այսկերպ մեկնաբանեց իր նվերը եւ Վ. Ենգիբարյանի հրավերը Հայաստանը.

«Վլադիմիր Ենգիբարյանը մեծ ձեռագիր ունի հայկական սպորտի պատմության էջերում: Անցյալ տարի մենք անվանակոչեցինք նրա դպրոցն իր անունով, ինչը օլիմպիական կոմիտեի խնդիրներից մեկն էր: Բոլորս էլ գիտեինք, որ Ենգիբարյանը Երեւանում դպրոց ունի, բայց իր անունով չէր կոչվում: Ես նույնպես մարզվել եմ այդ մարզադպրոցում: Որպեսզի նա զգա մեր աջակցությունը, մեր հարգանքն ու պատիվը իր հանդեպ, որոշեցինք անվանակոչել: Բոլոր սկսնակ բռնցքամարտիկները ուսանելով այդ դպրոցում, պետք է տեսնեն, հասկանան թե ինչ սան է տվել Հայաստանը եւ նա ինչպես է ազգի պատիվը բարձր պահել աշխարհում: Այդ երեխաներին մենք պետք է ոգեւորենք, որ նրանք նույն ճանապարհը բռնեն: Այսօր Վլադիմիր Ենգիբարյանը լեգենդ է: Ամեն մեկիս պարտքն է, իր համապատասխան ոլորտում մեծարել այն մարդուն, որը երկրի պատիվը բարձր է պահել, հաղթանակ, ճանաչում է բերել ազգին: Ամեն մարդ կարիք ունի ուշադրության, գնահատակի, մեծարման, նրան, ինչի որ արժանի է: Մարդը պետք է ոչ թե ծանոթ-բարեկամով հայտնի դառնա, այլ իր աշխատանքով: Ես այսօր իմ քաղաքական քարոզարշավը մի կողմ եմ թողել եւ եկել մեծարելու մեր լեգենդին: Ենգիբարյանի թե 89-ամյակն ենք անելու, թե 90-ամյակը: Ոչ մի օլիմպիական չեմպիոն անուշադրության չի մատնվելու, ոչ ոքին բացառություն չենք անելու: Բոլորի ծննդյան տոներն էլ նշելու ենք:  Օլիմպիական կոմիտեի կողմից նրան նվիրում ենք այդ գումարի անդորրագիրը, որպեսզի անհոգ, իր սպորտային հաջողություններին վայել խոր ծերություն ապրի»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս