20:05 25 ապրիլի, 2012Բռնցքամարտի օլիմպիական չեմիոն Վլադիմիր Ենգիբարյանը պետք է արժանապատիվ ծերություն վայելի, այսօր, ապրիլի 25-ին անվանի մարզիկի 80-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Վ. Ենգիբարյանին նվիրեց 10 միլիոն դրամ:
Այս օրերին Հայաստանում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եւ ԽՍՀՄ եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում: Հայաստան այցելության առիթը անվանի մարզիկի տարեդարձն է: Այս տարի լրանում է նրա 80-ամյակը:
Այս կապակցությամբ, «Մոսկվա» կինոթատրոնում, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մեծ միջոցառում: Կինոթատրոնի շենքի ճակատին մեծ պաստառով փակցված էր Վ. Ենգիբարյանի լուսանկարը: Կարմիր գորգով անցնելով Վլադիմիր Ենգիբարյանին կինոթատրոնի շքամուտքում դիմավորեցին իր անվան` «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» սաները բռնցքամարտի մարզահագուստով եւ ձեռնոցներով: Վ. Ենգիբարյանին միջոցառման դահլիճ ուղեկցեց Գագիկ Ծառուկյանը, ում հրավերով էլ Հայաստան է ժամանել Վ. Ենգիբարյանը:
Անվանի մարզիկին շնորհավորեցին հայկական սպորտի վարպետները, մարզասերները, ՀԱՕԿ-ի աշխատակազմը:
Նվերը հուզեց հոբելյարի տիկնոջը. նա հուզմունքից չկարողացավ ավարտին հասցնել շնորհակալական խոսքն ուղղված Գագիկ Ծառուկյանին:
Գ. Ծառուկյանն էլ այսկերպ մեկնաբանեց իր նվերը եւ Վ. Ենգիբարյանի հրավերը Հայաստանը.
«Վլադիմիր Ենգիբարյանը մեծ ձեռագիր ունի հայկական սպորտի պատմության էջերում: Անցյալ տարի մենք անվանակոչեցինք նրա դպրոցն իր անունով, ինչը օլիմպիական կոմիտեի խնդիրներից մեկն էր: Բոլորս էլ գիտեինք, որ Ենգիբարյանը Երեւանում դպրոց ունի, բայց իր անունով չէր կոչվում: Ես նույնպես մարզվել եմ այդ մարզադպրոցում: Որպեսզի նա զգա մեր աջակցությունը, մեր հարգանքն ու պատիվը իր հանդեպ, որոշեցինք անվանակոչել: Բոլոր սկսնակ բռնցքամարտիկները ուսանելով այդ դպրոցում, պետք է տեսնեն, հասկանան թե ինչ սան է տվել Հայաստանը եւ նա ինչպես է ազգի պատիվը բարձր պահել աշխարհում: Այդ երեխաներին մենք պետք է ոգեւորենք, որ նրանք նույն ճանապարհը բռնեն: Այսօր Վլադիմիր Ենգիբարյանը լեգենդ է: Ամեն մեկիս պարտքն է, իր համապատասխան ոլորտում մեծարել այն մարդուն, որը երկրի պատիվը բարձր է պահել, հաղթանակ, ճանաչում է բերել ազգին: Ամեն մարդ կարիք ունի ուշադրության, գնահատակի, մեծարման, նրան, ինչի որ արժանի է: Մարդը պետք է ոչ թե ծանոթ-բարեկամով հայտնի դառնա, այլ իր աշխատանքով: Ես այսօր իմ քաղաքական քարոզարշավը մի կողմ եմ թողել եւ եկել մեծարելու մեր լեգենդին: Ենգիբարյանի թե 89-ամյակն ենք անելու, թե 90-ամյակը: Ոչ մի օլիմպիական չեմպիոն անուշադրության չի մատնվելու, ոչ ոքին բացառություն չենք անելու: Բոլորի ծննդյան տոներն էլ նշելու ենք: Օլիմպիական կոմիտեի կողմից նրան նվիրում ենք այդ գումարի անդորրագիրը, որպեսզի անհոգ, իր սպորտային հաջողություններին վայել խոր ծերություն ապրի»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.