08:59  ,  23 ապրիլի, 2012

Ինչո՞ւ է Հայաստանը մեկ բռնցքամարտիկի հույսին լինելու Լոնդոնի Օլիմպիական խաղերում

Տրապիզոնում ավարտված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարից հայ մարզիկները վերադարձան ձեռնունայն: Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի միայն մեկ բռնցքամարտիկ: 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը օլիմպիական ուղեգիր էր նվաճել Բաքվում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում: NEWS.am Sport-ն ուշադրության կենտրոնում էր պահում հայ բռնցքամարտիկների մարզումներն ու միջազգային մրցաշարերը, որոնց Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին օլիմպիական վարկանիշային մրցաշարին նախապատրաստվելու ժամանակ:

Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացված էր չորս բռնցքամարտիկներով: Նրանցից միայն մեկին` Հրաչիկ Ջավախյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել, բայց Oլիմպիական խաղերից առաջ Հայաստանում ավելի մեծ հույսեր կային:

Փորձենք հասկանալ, թե ինչու բռնցքամարտում մեծ նվաճումներ ունեցած Հայաստանը, հայտնվեց այսպիսի վիճակում, եւ ինչու մեր հավաքականը ձախողվեց վարկանիշային մրցաշարերում:

Այստեղ, իհարկե, շատերը կնշեն աշխարհի առաջնության մրցավայրի գործոնը: Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած առաջնությունն օլիմպիական ուղեգիր նվաճելու ամենահեշտ տարբերակն էր, քանի որ առաջինից 8-րդ տեղեր զբաղեցրած մարզիկները Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք էին ստանում: Ցանկալի արդյունքին հասնել հաջողվեց միայն Անդրանիկ Հակոբյանին: Հայաստանի մյուս բռնցքամարտիկներն անհաջողության մատնվեցին թշնամաբար տրամադրված հանդիսականներով մարզադահլիճում: Շատ բռնցքամարտիկների հետ զրուցելիս միշտ հարց էր տրվում, արդյոք չէին խանգարում տրիբունաները: Բոլորն էլ կարծես միաձայն նշում էին, որ ռինգում ոչինչ չեն լսում ու մտածում են միայն մենամարտի մասին: Այդ դեպքում ո՞րն է պատճառը:

Բաքվում մերոնք ձախողվեցին շատ գործոնների պատճառով: Բռնցքամարտիկների համար նորմալ պայմաններ չկային, թշնամական իրավիճակում հնարավոր չէր մենամարտերին պատրաստվել, նույնիսկ դեպի ռինգ դուրս գալն արդեն քաջություն էր:  Բացի այդ, ո՞վ համարձակություն կունենար Բաքվում հաղթանակ շնորհել Հայաստանին ներկայացուցչին:

Հարկ է նշել, որ Բաքվում կայացած աշխարհի առաջնությունից հետո հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին փոխարինեց Կարեն Աղամալյանը: Ճի՞շտ էր այդ որոշումը: Երկու մարզիչներն էլ մեծ փորձ ունեն, ու անկասկած արեցին հնարավոր ամեն ինչ մեր մարզիկների հաջողությունն ապահովելու համար, բայց չմոռանանք, որ տարբեր մարդիկ տարբեր ոճեր են դավանում: Արդյունքի տեսանկյունից մարզչի փոփոխությունը դրական տեղաշարժ չտվեց:

Այդ մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը բազմաթիվ ուսումնամարզական հավաքներ անցկացրեց, լրջորեն պատրաստվեց գալիք մրցումներին: Հայաստանի առաջնությունում էլ հաղթողները սկսեցին պատրաստվել վարկանիշային մրցաշարին:

Հավաքականում լուրջ մրցակցությունն առկա էր միայն 49 կգ քաշային կարգում. երիտասարդ Կորյուն Սողոմոնյանը, հավասար պայքար մղելով, հաղթեց փորձառու Հովհաննես Դանիելյանին: Իսկ մյուս քաշային կարգերում մրցակցություն որպես այդպիսին չկա: Տրապիզոն մեկնելուց առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշում էր, որ իրատեսորեն կարելի է մեկ կամ երկու ուղեգրի հավակնել Տրապիզոնում: Բնականաբար, մարզիչը բոլորից լավ է գնահատական տալիս  իր մարզիկների հնարավորություններին: Ընդ որում` զգացվում էր, որ այդ մեկ կամ երկու ուղեգիրը կարող էին վաստակել կամ Վլադիմիր Սարուխանյանը, կամ էլ Կորյուն Սողոմոնյանը: Առաջինը շատ մոտ էր ուղեգրին, բայց պարտվեց քառորդ եզրափակիչում: Իսկ երիտասարդ Կորյուն Սողոմոնյանը պատանեկան եւ երիտասարդական  մրցաշարերում մեծ հաջողությունների հասնելուց  հետո դեռեւս «մեծ» ռինգ մուտք չի գործել: Անկասկած բոլոր բռնցքամարտիկներն էլ Տրապիզոն էին մեկնել հաղթանակի համար, սակայն պարզվեց, որ նրանք դեռեւս պատրաստ չեն: Կարեն Աղամալյանը մինչեւ այս մրցաշարը նշում էր, որ Օլիմպիական խաղերից հետո հավաքականում սերնդափոխություն է սպասվում: Գործընթացը կարելի է սկսել արդեն Օլիմպիական խաղերից առաջ:

Խաչիկ Չախոյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում