08:59 23 ապրիլի, 2012Տրապիզոնում ավարտված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարից հայ մարզիկները վերադարձան ձեռնունայն: Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի միայն մեկ բռնցքամարտիկ: 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը օլիմպիական ուղեգիր էր նվաճել Բաքվում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում: NEWS.am Sport-ն ուշադրության կենտրոնում էր պահում հայ բռնցքամարտիկների մարզումներն ու միջազգային մրցաշարերը, որոնց Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին օլիմպիական վարկանիշային մրցաշարին նախապատրաստվելու ժամանակ:
Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացված էր չորս բռնցքամարտիկներով: Նրանցից միայն մեկին` Հրաչիկ Ջավախյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել, բայց Oլիմպիական խաղերից առաջ Հայաստանում ավելի մեծ հույսեր կային:
Փորձենք հասկանալ, թե ինչու բռնցքամարտում մեծ նվաճումներ ունեցած Հայաստանը, հայտնվեց այսպիսի վիճակում, եւ ինչու մեր հավաքականը ձախողվեց վարկանիշային մրցաշարերում:
Այստեղ, իհարկե, շատերը կնշեն աշխարհի առաջնության մրցավայրի գործոնը: Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած առաջնությունն օլիմպիական ուղեգիր նվաճելու ամենահեշտ տարբերակն էր, քանի որ առաջինից 8-րդ տեղեր զբաղեցրած մարզիկները Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք էին ստանում: Ցանկալի արդյունքին հասնել հաջողվեց միայն Անդրանիկ Հակոբյանին: Հայաստանի մյուս բռնցքամարտիկներն անհաջողության մատնվեցին թշնամաբար տրամադրված հանդիսականներով մարզադահլիճում: Շատ բռնցքամարտիկների հետ զրուցելիս միշտ հարց էր տրվում, արդյոք չէին խանգարում տրիբունաները: Բոլորն էլ կարծես միաձայն նշում էին, որ ռինգում ոչինչ չեն լսում ու մտածում են միայն մենամարտի մասին: Այդ դեպքում ո՞րն է պատճառը:
Բաքվում մերոնք ձախողվեցին շատ գործոնների պատճառով: Բռնցքամարտիկների համար նորմալ պայմաններ չկային, թշնամական իրավիճակում հնարավոր չէր մենամարտերին պատրաստվել, նույնիսկ դեպի ռինգ դուրս գալն արդեն քաջություն էր: Բացի այդ, ո՞վ համարձակություն կունենար Բաքվում հաղթանակ շնորհել Հայաստանին ներկայացուցչին:
Հարկ է նշել, որ Բաքվում կայացած աշխարհի առաջնությունից հետո հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին փոխարինեց Կարեն Աղամալյանը: Ճի՞շտ էր այդ որոշումը: Երկու մարզիչներն էլ մեծ փորձ ունեն, ու անկասկած արեցին հնարավոր ամեն ինչ մեր մարզիկների հաջողությունն ապահովելու համար, բայց չմոռանանք, որ տարբեր մարդիկ տարբեր ոճեր են դավանում: Արդյունքի տեսանկյունից մարզչի փոփոխությունը դրական տեղաշարժ չտվեց:
Այդ մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը բազմաթիվ ուսումնամարզական հավաքներ անցկացրեց, լրջորեն պատրաստվեց գալիք մրցումներին: Հայաստանի առաջնությունում էլ հաղթողները սկսեցին պատրաստվել վարկանիշային մրցաշարին:
Հավաքականում լուրջ մրցակցությունն առկա էր միայն 49 կգ քաշային կարգում. երիտասարդ Կորյուն Սողոմոնյանը, հավասար պայքար մղելով, հաղթեց փորձառու Հովհաննես Դանիելյանին: Իսկ մյուս քաշային կարգերում մրցակցություն որպես այդպիսին չկա: Տրապիզոն մեկնելուց առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշում էր, որ իրատեսորեն կարելի է մեկ կամ երկու ուղեգրի հավակնել Տրապիզոնում: Բնականաբար, մարզիչը բոլորից լավ է գնահատական տալիս իր մարզիկների հնարավորություններին: Ընդ որում` զգացվում էր, որ այդ մեկ կամ երկու ուղեգիրը կարող էին վաստակել կամ Վլադիմիր Սարուխանյանը, կամ էլ Կորյուն Սողոմոնյանը: Առաջինը շատ մոտ էր ուղեգրին, բայց պարտվեց քառորդ եզրափակիչում: Իսկ երիտասարդ Կորյուն Սողոմոնյանը պատանեկան եւ երիտասարդական մրցաշարերում մեծ հաջողությունների հասնելուց հետո դեռեւս «մեծ» ռինգ մուտք չի գործել: Անկասկած բոլոր բռնցքամարտիկներն էլ Տրապիզոն էին մեկնել հաղթանակի համար, սակայն պարզվեց, որ նրանք դեռեւս պատրաստ չեն: Կարեն Աղամալյանը մինչեւ այս մրցաշարը նշում էր, որ Օլիմպիական խաղերից հետո հավաքականում սերնդափոխություն է սպասվում: Գործընթացը կարելի է սկսել արդեն Օլիմպիական խաղերից առաջ:
Խաչիկ Չախոյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.