Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպինցի Նոնիտո Դոները Լաս Վեգասում կհանդիպի 2012-ի լավագույն մարզիչ Ռոբերտ Գարսիայի հետ՝ քննարկելու 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի (36-5-1, 28 նոկաուտ) հետ մենամարտի մարտավարությունը, հաղորդում է boxingscene.com-ը։
Գարսիան մտադիր է օգնել Դոներին հաղթել Դարչինյանին։ Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Տեխասում։ Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթեւ քաշային կարգում։ 30-ամյա Դոները կուբացի Գիլյերմո Ռիգոնդոյի հետ մենամարտում չեմպիոնական գոտին տանուլ տալուց հետո առաջին անգամ դուրս կգա ռինգ։
Ավելի վաղ Դարչինյանի մենեջեր Ֆրենկ Էսպինոզան հայտարարել էր, որ Վիկը պատրաստվում է «պոկել Դոների գլուխը»։
Հիշեցնենք, որ 2007-ին աշխարհին անհայտ Դոները նոկաուտով սենսացիոն հաղթանակ տարավ մինչ այդ պարտություն չկրած Վախթանգ Դարչինյանի նկատմամբ։ 37-ամյա Դարչինյանը բազմիցս մարտահրավեր էր նետել Դոներին, սակայն նա տարբեր պատճառաբանումներով հրաժարվում էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում