12:16  ,  9 սեպտեմբերի, 2013

Վարդան Մինասյան. Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասնակցությունը սեպտեմբերի 10-ին կայանալիք դանիացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում դեռ հարցականի տակ է, մարզիչները սպասում են բժիշկների եզրակացությանը:

Այդ մասին Հայաստան – Դանիա հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին հայտնեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Երեւանի «Հրազդան» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահից:

«Մենք այս պահին մտածում ենք միայն Դանիայի խաղի մասին: Անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ֆուտբոլիստները վերականգնվեն: Օզբիլիսի մասնակցությունը դեռ հարցականի տակ է: Բերեզովսկին արդեն լավ է: Քսան օրից նա լիովին կապաքինվի: Օզբիլիսը թունավորվել էր: Ժամը չորսին մենք կիմանանք բժիշկների եզրակացությունը:

Դանիայի հավաքականը երիտասարդացնում է իր կազմը: Արդեն այս խաղերին նրանք ունեն վեց նորեկներ:

Հայաստանի հավաքականը տան խաղերում թույլ հանդես չի գալիս: Դա ընդամենը ձեր վերլուծությունն է: Մենք տանը վատ ենք խաղացել միայն Մալթայի հետ: Առաջիկա խաղում մարտավարության փոփոխություն լինելու է: Առանցքային ֆուտբոլիստները չեն լինելու: Ամեն ինչ կախված է Արասի մասնակցությունից: Գիտեք, որ նա շատ կարեւոր ֆուտբոլիստ է: Չե՞մ զղջում արդյոք, որ ավելի շատ ֆուտբոլիստների չէինք հրավիրել ազգային հավաքական: Այն ֆուտբոլիստները որոնք իմ տրամադրության տակ են, լիովին ինձ բավական են: Դանիայի հետ խաղում ավագը կլինի Հենրիխ Մխիթարյանը»,- ասել է Վարդան Մինասյանը:

Հայաստան - Դանիա հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին, 20.00-ին:

Չեխիայի, Հայաստանի եւ Դանիայի հավաքականները B խմբում 7-ական խաղից հետո ունեն 9-ական միավոր եւ 1 միավոր են զիջում երկրորդ տեղում գտնվող Բուլղարիային: Առաջատարը Իտալիան է՝ 17 միավոր:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս