23:52  ,  1 հունիսի, 2013

Մյունխենի «Բավարիան»՝ Գերմանիայի 16-ակի գավաթակիր

Մյունխենի «Բավարիան» 16-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթակիր՝ այդ ցուցանիշով թարմացնելով սեփական ռեկորդը:

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Յուպ Հայնկեսի թիմը 3:2 հաշվով պարտության մատնեց «Շտուտգարտին»:

Բեռլինի «Օլմիպիաշտադիոն» ստադիոնում կայացած խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը: Ընդմիջումից հետո Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը դարձավ դուբլ հեղինակ՝ եռապատկելով «Բավարիայի» առավելությունը: Խաղի վերջնամասում 2 գնդակ խփեց նաեւ «Շտուտգարտի» ավստրիացի կիսապաշտպան Մարտին Հարնիկը, սակայն դա մյունխենցիներին չխանգարեց պահպանել հաղթական հաշիվը:

«Բավարիան» 2012/2013 մրցաշրջանում նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր, Գերմանիայի սուպերգավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Յուպ Հայնկեսը վերջին խաղն անցկացրեց մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում, որն առաջիկայում կզբաղեցնի Խոսեպ Գվարդիոլան:

Գերմանիայի Գավաթ. եզրափակիչ

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 3:2

Թոմաս Մյուլեր, 42 (11մ.), Մարիո Գոմես, 48, 61 – Մարտին Հարնիկ, 71, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում