21:09  ,  31 մայիսի, 2013

Էլինա Դանիելյան. Շախմատը դպրոցում արդյունք չի տա

«Իմ կարծիքով, շախմատը դպրոցում արդյունք չի տա: Շախմատը դպրոցում ընդհանուր ուսումնական առարկա է, ավելի շատ մասսայական, եւ այդքան աշակերտների մեջ դժվար կլինի երեխաներին հասանելի դարձնել պրոֆեսիոնալ շախմատի տարրերը: Ինքս լսել եմ, որ դպրոցներում շախմատը շատ մակերեսային է դասավանդվում, այսինքն` երեխաների հետ անհատական ոչ ոք չի զբաղվում, որպեսզի երեխայի մեջ սերմանվի շախմատը: Այսպես ասած` սա համընդհանուր ուսումնական ծրագիր է եւ այս տեսանկյունից շախմատը դպրոցներում արդյունք չի տա եւ չի արդարացնի»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց  շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոստմայստեր Էլինա Դանիելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսում ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած համոզմունքը, թե շախմատը դպրոցներում անպայման կտա իր արդյունքը:

Էլինա, արդեն երկար ժամանակ է դպրոցներում դասավանդվում է շախմատը, որպես հանրակրթական առարկա: Ինչո՞վ է պայմանավորված քո այն համոզմունքը, որ միեւնույն է, շախմատը դպրոցներում արդյունք չի տա:

Արդեն երկար տարիներ է շախմատում եմ եւ բազմիցս եկել եմ այն եզրահանգմանը, որ շախմատի հիմքը դրվում է մանկապատանեկան շախմատից: Բայց դա չի նշանակում, որ դպրոցներում երեխաները, շախմատ սովորելով, դառնալու են սուպերշախմատիստներ:

Ես մնում եմ այն կարծիքին, որ շախմատը դպրոցում արդյունք չի տա: Շախմատը դպրոցում ընդհանուր ուսումնական առարկա է,ավելի շատ մասսայական եւ այդքան աշակերտների մեջ դժվար կլինի երեխաներին հասանելի դարձնել պրոֆեսիոնալ շախմատի տարրերը: Ինքս լսել եմ, որ դպրոցներում շախմատը շատ մակերեսային է դասավանդվում, այսինքն` երեխաների հետ անհատական ոչ ոք չի զբաղվում, որպեսզի երեխայի մեջ սերմանվի շախմատը: Այսպես ասած` սա համընհանուր ուսումնական ծրագիր է եւ այս տեսանկյունից շախմատը դպրոցներում արդյունք չի տա:

Չնայած շախմատը դպրոցներում ունի իր դրական կողմերը` որպես հանրակրթական առարկա, այն զարգացնում է երեխաների մտածողությունը: Դա շատ լավ է: Բայց թող ոչ ոքին չթվա, թե եթե երեխան դպրոցում անցնում է նաեւ շախմատ, ուրեմն նա դառնալու է սուպերշախմատիստ: Սա ուղղակի երեխաների մեջ սեր կառաջացնի այս մարզաձեւի նկատմամբ:

Իսկ չվիրավորվեցիք, որ հանրապետության նախագահը նույն այդ կոնֆերանսի ընթացքում մատնանշեց ձեր` կանանց հավաքանի արդյունքները, որպես թույլ արդյունք, մասնավորապես, ասելով, թե աղջիկներն իրենց նվաճումներով հետ են տղաներից:

Ոչ: Չեմ վիրավորվում, քանի որ ես ինքս էլ այդ ամենը տեսնում եմ եւ հասկանում: Այն ինչ ասաց մեր հարգարժան նախագահը, ինձ համար նորություն չէ: Կանանց հավաքականում շատ խնդիրներ կան: Մենք չունենք փոխարինող սերունդ: Մեզանից հետո եկող սերնդի մեջ պոտենցիալ, ցավոք սրտի, չեմ տեսնում: Դա գալիս է ընտանիքի դրվածքից, դպրոցի սիստեմից: Օրինակ՝ Վրաստանում կանանց շախմատն ավելի զարգացած է, ավանդույթները գալիս են կանանց շախմատից, այդ պատճառով էլ` զարգացած է կանանց շախմատը: Մեզ մոտ տղամարդկանց շախմատում է շախմատի ավանդույթները ձեւավորվել: Մենք կանանց մարզիչներ չունենք: Աղջիկ երեխաներով զբաղվող մարզիչներ չկան:

Կանանց շախմատը դանդաղ տեմպերով է զարգանում Հայաստանում: Այս իմաստով պատահական չէ, որ ես այն համոզմունքին եմ, որ կանանց հավաքականը փոխարինողներ չունի: Ամեն ինչ գալիս է ընտանիքից եւ ծնողներից: Հայկական ընտանիքներում մի մտածելակերպը կա`նրանք մտածում են` ինչու ժամանակ, միջոցներ վատնենք մի մարզաձեւի վրա, որ հետագայում մեր աղջիկը ամուսնանալու է եւ ամուսինը չի թողնելու խաղա: Սա մի մոտեցում է, որ արդեն արմատացած է հայկական ընտանիքներում եւ դրա պատճառով աղջիկ երեխաները շատ քիչ են հաճախում շախմատի: Երբ այս մոտեցումը կոտրվի, մենք գուցե ունենանք լավ հետեւորդներ: Իսկ այսօր կանանց հավաքականը չունի հետեւորդներ:

Ինչ վերաբերում է երկրի նախագահի կարծիքին, որ կանանց հավաքականը հետ է տղամարդկանց հավաքականից, բնական է, որ համեմատած տղամարդկանց հավաքականի, մենք բավական հետ ենք շախմատում: Բայց այնպես չէ, որ մենք շատ ենք հետ մնում տղաներից կամ հեռու ենք նրանց հաջողություններից: Օրինակ` նույն վերջին համաշխարհային օլիմպիադայում մեր ելույթները, արդյունքները բավական հաջող էին: Մենք թիմային հաշվարկում կիսեցինք 5-6-րդ տեղերը: Սա մեր դեռ ամենալավ արդյունքն էր օլիմպիադաներում: Իսկ նախկինում` 10 տարի առաջ թիմային հաշվարկում եղել ենք Եվրոպայի չեմպիոն: Այն  ժամանակ երկու խաղատախտակ էինք խաղում, ինչն ավելի ձեռնտու էր մեզ համար: Տարիների ընթացքում խաղատախտակները շատացան եւ մեր թիմը սկսեց աստիճանաբար թուլանալ:

Այսինքն` բացասաբար է ազդել խաղատախտակների ավելացումը:

Լավ է, որ շատ խաղատախտակներով խաղա թիմը, բայց բանն այն է, որ ամեն խաղատախտակ չէ, որ լավ փոխարինող ունի: Այդքան ուժեղ չեն բոլոր խաղատախտակների խաղացողները, իսկ նրանք միակն են, փոխարինողներ չունենք: Այս պահին որքան քիչ լինեն խաղատախտակները, այնքան մեզ ձեռնտու է խաղալը եւ հասանելի հաղթանակները: Երբ քիչ խաղատախտակներով խաղանք, այդ ժամանակ նոր հավանականությունը մեծ կլինի, որ մի օր էլ մենք համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն կլինենք: Չորս խաղատախտակի վրա 2007 թվականին Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեցինք: Դրանից հետո մեր խաղատախտակներն ավելացրեցին եւ ոչ մի հաջողություն այլեւս չունեցանք: Իսկ օլիմպիադայի մասին խոսելն ավելորդ է, քանի որ այն ավելի բարդ է: Օլիմպիադայում կան այնպիսի թիմեր, ինչպես օրինակ Չինաստանը: Իրենք շատ ուժեղ են, իրենց մոտ բոլոր խաղատախտակներն ուժեղ են: Նրանց հաջողությունը խաղացողների քանակի մեջ է. շատ են շախմատիստները, ավելի ուրիշ մոտեցում է իրենց մոտ դեպի շախմատը, փոխարինողներ շատ ունեն: Ամեն խաղատախտակին անթիվ փոխարինողներ ունի: Չինաստանում շախմատի հիմքը դրված է փոքր տարիքից: Մանկապատանեկան սպորտի վրա է շեշտադրումը, որպեսզի արդյունք ստանան: Եվ ստանում են:

Ես շատ կուզեմ, որ մեր թիմը հաջորդ օլիմպիադայում, որը լինելու է 2014-ին` Նորվեգիայում, պայքարի մեդալի համար: Մենք ունենք բոլոր նախադրյալները` մեր չորս խաղատախտակներով:

Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի կանանց հավաքականը հավասարվի տղամարդկանց հավաքականին` հաջողություններով:

Մենք այդքան հետ չենք տղաներից, ինչպես բոլորին է թվում: Ճիշտ է, դեռեւս շատ անելիք ունենք նրանց հավասարվելու համար, բայց եթե օլիմպիադաներում մեր տղաները սովորաբար լինում են 3, 4, 5-րդը, մենք տատանվում ենք 6, 7, 8-րդ տեղերում: Սա միջին հաշվարկով եմ ասում, ուղղակի նրանց հաջողություններն այնքան բարձր են, որ մեր 5-6-րդ տեղերը նրանց արդյունքների կողքին չեն երեւում:

Այս իրավիճակին ի՞նչ լուծում եք տեսնում:

Երեւի ես պետք է զբաղվեմ այդ հարցով (ծիծաղում է): Հետագայում ունեմ ծրագրեր կանանց շախմատի զարգացման ուղղությամբ աշխատելու կապակցությամբ: Բայց դրանով զբաղվելու համար նախ եւ առաջ ես պետք է թողնեմ շախմատը: Չեմ կարող համատեղել: Չգիտեմ դա ինչ կլինի` գուցե մանկապատանեկան դպրոց միայն աղջիկների համար կամ ուղղակի նմանատիպ ծրագիր: Այն դպրոցը, որը ես կհիմնեմ, առաջնային կզբաղվի մարզիչների պատրաստմամբ, ովքեր պատասխանատու կլինեն մանկապատանեկան շախմատի համար: Բայց դրան դեռ շատ կա: Մինչ այդ պետք է նախ մեր հավաքականը համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն դառնա, որպեսզի ես մտածեմ շախմատը թողնելու մասին: Իսկ դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ես վերջնական հոգնեմ շախմատ խաղալուց կամ հասկանամ, որ այլեւս չեմ կարող պայքարել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով