20:21  ,  6 ապրիլի, 2012

Վիկ Դարչինյանին պետք չէ «դուխ» տալ, պետք է «սառեցնել» յուրաքանչյուր ռաունդից առաջ. հարցազրույց

Վիկ Դարչինյանին ոչ թե նոր բաներ է պետք սովորեցնել, այլ նրա ունեցած բարձր վարպետությունը եւս մեկ անգամ հղկել եւ պետք չէ «դուխ» տալ, այլ՝ հակառակը, նրան ինչ-որ տեղ պետք է «սառեցնել» յուրաքանչյուր ռաունդից առաջ։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում ճապոնացի Շինսուկե Յամանակային պարտվելուց հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վախթանգ Դարչինյանի մարզիչ`Հայաստանի վաստակավոր  մարզիչ Վազգեն Բադալյանը։

Պարոն Բադալյան, սպասելի՞ էր Վիկի պարտությունը:

Ես երբեք պարտվելու մասին չեմ մտածում, ու այն ժամանակ երբ Վիկը մարզվում էր իմ մոտ նա էլ միշտ այդպես է մտածել: Ցավոք ես ներկա չեմ գտնվել մենամատին ու ինտերնետից եմ տեղեկություններ ստացել: Բայց ասեմ, որ ես Վիկին նախապես զգուշացնում էի, որ Յամանական դժվարին մրցակից է լինելու: Ես դիտել եմ ճապոնացու վերջին մենամարտը եւ տեսա, որ Շինսուկեն շատ արագ տեղաշարժերի տիրապետող մարզիկ է: Միանշանակ նա Վախթանգից ուժեղ չէ, բայց այստեղ պետք էր հատուկ մոտեցում ցուցաբերել այս մենամարտին:

Հատուկ մոտեցում ասելով՝ ի՞նչ ինկատի ունեք:

Բռնցքամարտում նույնպես առկա է տակտիկական պայքարը: Վիկը շատ հաճախ շտապում է իր մրցակիցներին նոկաուտով հաղթելու համար ու միավորներ տալիս մրցակցին: Վախթանգին ոչ թե պետք է «դուխ» տալ, այլ՝ հակառակը, նրան ինչ-որ տեղ պետք է «սառեցնել» յուրաքանչյուր ռաունդից առաջ: Մենամարտի նախօրեին բոլորը միաբերան ասում էին, որ Վիկը հաղթելու է նոկաուտով: Իհարկե բռնցքամարտիկը ինքն էլ ասում է, բայց կարծում եմ՝ նրան կողքից այդպես են տրամադրում: Բացի  բռնցքամարտիկի տեխնիկային ծանոթ լինելուց հարկավոր է հասկանալ նրա հոգին, այլ ոչ թե անընդհատ ոգեւորել ու ուղղորդել դեպի նոկաուտ:

Իսկ Ճապոնիայի գործոնը կարո՞ղ էր ազդել Վիկի ելույթի վրա:

Կարծում եմ՝ ոչ: Վախթանգը երբեք խնդիր չի ունեցել, թե որտեղ եւ ում հետ է մենամարտելու: Վիկին ես  շատ լավ գիտեմ ու նա ֆիզիկապես էլ ուժեղ էր իր մրցակցից: Ուղղակի ռինգ պետք է դուրս գալ հաղթելու, այլ ոչ թե անպայման մրցակցին նոկաուտի հասցնելու համար: Ռինգի անկյունում տեղ գտնող մարդը պետք է  հասկանա իր մարզիկին ու տակտիկական ճիշտ ուղղություններ տա մարզիկին: Երբեմն ես լսում եմ. «դու ուժեղ ես, նոկաուտ արա ու պրծի» արտահայտությունները: Բայց այդպես պետք է չլինի: Բացի այդ կարող է իր դերն է կատարել նոր մարզչի՝ Ջոն Լյուիսի մոտեցումը: Այս մարզիչը մի քանի տարի հեռացել էր բռնցքամարտից, հետո սկսեց մարզել Վիկին: Միգուցե փորձել է ինչ-որ նոր մոտեցումներ իրականացնել ռինգում: Իսկ եթե այդպես է, ապա Վիկին ոչ թե նոր բաներ է պետք սովորեցնել, այլ նրա ունեցած բարձր վարպետությունը եւս մեկ անգամ հղկել: Ցավալի է, որ Վախթանգը պարտվեց, բայց ես հավատում եմ, որ Վիկը դեռ նոր հաջողություններ կունենա: Նա իր բարձր կարգն արդեն ապացուցել է վաղուց, այնպես որ սպորտ է: Լինում են ե՛ւ պարտություններ, ե՛ւ հաղթանակներ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով