12:45  ,  9 մայիսի, 2013

«Մանչեսթեր Յունայթեդ». Ռունին ցանկանում է հեռանալ, Ռոնալդուն՝ վերադառնալ

Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ իր կարիերայում նոր մարտահրավերների հանդիպելու համար, գրում է Daily Mail-ը:

27-ամյա անգլիացին իր որոշման մասին արդեն հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, սակայն Անգլիայի 20-ակի չեմպիոնը հրաժարվել է տրանսֆերի հանել նրան, թեեւ մանչեսթերցիները պատրատվում են ամռանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին, ով «Օլդ Տրաֆորդում» հանդես է եկել 2003-2009-ը: «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներն արդեն բանակցել են Պորտուգալիայի հավաքականի ավագի գործակալների հետ:

71-ամյա Ալեքս Ֆերգյուսոնի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունից հետո Ռունին վստահ չէ, որ բավականաչափ խաղային ժամանակ կստանա նոր մարզիչի գլխավորությամբ:

Ստեղծված իրավիճակից կարող է օգտվել Լոնդոնի «Չելսին», որը պատրաստ է 25 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել Ռունիին ձեռք բերելու համար: Լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչի հիմնական հավակնորդ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Ռունիին: Պորտուգալացին անգլիացուն կտրամադրի կենտրոնական հարձակվողի դիրքը, որը ժամանակին «Չելիսում» զբաղեցնում էր Դիդյե Դրոգբան:

Հիշեցնենք, որ Ռունիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մյունխենի «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով