21:04  ,  5 ապրիլի, 2012

Թուրքիայում դժվարություններ կունենանք. հարցազրույց

Բռնցքամարտի Հայաստանի 2012 թվականի առաջնությունում մինչեւ 49 կգ քաշային կարգում շատ լուրջ մրցակցություն էր ծավալվել փորձի ու երիտասարդության միջեւ: 25-ամյա Հովհաննես Դանիելյանն ու Կորյուն Սողոմոնյանը տարբեր սերունդներ են ներկայացնում: Նվազագույն առավելությամբ առավելության հասավ Կորյուն Սողոմոնյանը, ով դեռեւս չի բոլորել իր 19-ամյակը: Բայց փորձի պակասը տաղանդաշատ բռնցքամարտիկը  լրացնում է մտքի ու գործողությունների արագությամբ: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ ապրիլի 13-ից 23-ը Թուրքիայում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում հենց Կորյուն Սողոմոնյանն է ներկայացնելու Հայաստանը 49 կգ քաշային կարգում: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Կորյուն Սողոմոնյանի հետ:

Կորյուն, դու նվաճել ես աշխարհի չեմպիոնի կոչումը պատանիների մրցաշարում, դարձել ես Եվրոպայի չեմպիոն երիտասարդների մրցումներում, հիմա մեծահասակների ռինգում են: Ի՞նչ տարբերություն կնշես:

Տարբերություններից առաջինը կնշեի պատասխանատվությունը: Այս տարիքում արդեն այն շատ մեծ է: Մեծանում է ծանրաբեռնվածությունը եւ կարելի է ասել նաեւ, որ ավելի լուրջ սպորտ է հիմա: Այժմ  ռինգում ես գործում եմ ավելի մտածված` կշռադատելով յուրաքանչյուր գործողություն ու շարժում: Պատանեկամ կամ երիտասարդական սպորտում այդպես չէ:

Դու մասնակցեցիր Ֆինլանդիայում անցկացված միջազգային մրցաշարի: Այնպես ստացվեց, որ մենամարտեցիր նույն բռնցքամարտիկի հետ, ով հաղթել էր Հովհաննես Դանիելյանին: Ռեւանշի հասնելու ձգտում կա՞ր:

Անկախ ամեն ինչից` ուզում էի հաղթել: Բայց, ցավոք, չհաջողվեց: Լինում են նաեւ մենամարտեր, որոնք պարզ ասած` չեն ստացվում: Բայց միեւնույնն է, պարտություններն էլ  ուսանելի են, այնպես որ այդ մենամարտը իզուր չէր ինձ համար:

Հիմա ինչպե՞ս ես գնահատում մարզավիճակդ:

Չեմ ասի, որ արդեն կազմ ու պատրաստ եմ մրցումներին, բայց այդպես էլ պետք է լիներ: Կարեւորն է մարզավիճակի բարձրագույն կետին հասնել մրցումների նախօրեին, ու ամեն ինչ դրան էլ գնում է: Ֆիզիկական վիճակս լավ է, բայց ինչպես հարկն է բռնցքամարտելու համար՝ դեռ ավելացնելու տեղ ունեմ:

Ի տարբերություն մեր հավաքականի մյուս բռնցքամարտիկների, դու միջազգային մենամարտերի հարուստ փորձ չունես: Այդ առումով ի՞նչը կարող է քեզ խանգարել Թուրքիայում լավ հանդես գալու համար:

Երեւի, ոչ մի բան էլ չի խանգարի: Ես Ադրբեջանում մասնակցել եմ պատանիների աշխարհի առաջնությանը եւ գիտեմ, թե որն է դժվարը: Ինձ չի թվում, որ Թուրքիայում նման դժվարություններ կունենանք: Իհարկե դժվարություններ կլինեն, բայց ոչ Ադրբեջանի նման:

Ռինգում մրցավարի «բոքս» հրահանգից հետո տրիբունաների գործոնը քեզ խանգարո՞ւմ է:

Ոչ, ռինգում երբ մարտ ես վարում, միակ նպատակը մարզումային աշխատանքը նպատակին հասցնելն է: Տրիբունաների աջակցությունը կամ հակառակը միգուցե եւ նշանակություն ունեն, բայց՝ ոչ վճռական: Սառնասրտությունը բռնցքամարտում կարեւոր գործոն է, եւ այդպես էլ պետք է մոտենալ յուրաքանչյուր մենամարտին:

Թուրքիայում օլիմպիական ուղեգիր նվաճելու համար շատ կարեւոր է լավ մարզավիճակում մոտենալ մրցաշարին: Հետո էլ ռինգում կերեւա, թե ինչ կարող եմ անել: Ես հիմա չեմ ցանկանում խոստումներ կամ ցանկություններ արտահայտել, ավելի լավ է գործով ապացուցեմ: Օլիմպիական խաղերում հանդես գալը արդեն իսկ նվաճում է: Բայց հավատացած եմ, որ օլիմպիական խաղերին  միայն մասնակցելը դա գործի կեսն է: Պետք է պայքարել մեդալների համար: Ես մեր հավաքականի կազմում ամենակրտսերն եմ ու իմ ավելի ավագ թիմակիցներից` Անդրանիկ Հակոբյանից, Հրաչիկ Ջավախյանից, Հովհաննես Դանիելյանից սովորելու շատ բան ունեմ: Փորձառուների կողքին լինելը շատ օգտակար է:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում