15:51  ,  14 փետրվարի, 2013

Լեւոն Ջուլֆալակյան. ՄՕԿ-ի գործկոմի որոշումը դավադրություն է ըմբշամարտի դեմ

«Ինձ շատ հաճելի է, որ Հայաստանում նման արձագանք ստացավ ՄՕԿ-ի հայտարարությունը ըմբշամարտը Օլիմպիական խաղերի ծրագրից հանելու մասին: Ցավալի է, որ նման որոշում է ցանկանում կայացնել ՄՕԿ-ի գործկոմը, որովհետեւ եթե շենք կառուցես, ու սյուները հանես, շենքը կփլուզվի»։

Այս մասին փետրվարի 14-ին հրավիրած ասուլիսում հայտարարել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի գործկոմի որոշմամբ, ըմբշամարտը, բեյսբոլի, սոֆտբոլի, կարատեի, մարզական ժայռամագլցման, սկվոշի, ուշուի, վեյկբորդինգի, ռոլերսպորտի հետ ընդգրկված է 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրի հավակնորդ մարզաձեւերի ցուցակում։ Փաստացի ըմբշամարտը հանվել է 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից եւ դեռ պետք է պայքարի հավակնորդ մարզաձեւից դարձյալ օլիմպիական մարզաձեւ դառնալու համար։

«Ըմբշամարտն ունի երկրպագուների մեծ բանակ: Ամբողջ ցավն այն է, որ այսօր մարդը արտահայտվելուց չի մտածում, որ ամբողջ աշխարհում լուրջ պրոբլեմ է առաջացնում: Ինչ-որ անկապ անձնավորության ցանկություն է սա: Ըմբիշները սերտ համախմբվածություն ունեն:

Ես վստահ եմ, որ այս հարցը լուծում չի ստանա հօգուտ հայտարարության հեղինակի: Ես կցանկանայի, որ այս հարցի շուրջ մեզ հետ պայքարի մեջ մտնեին նաեւ այս մարզաձեւի երկրպագուները, Ազգային օլիմպիական կոմիտեն, Սպորտի նախարարությունը»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հարցին` քաղաքական երանգ ունի արդյոք այս որոշումը, Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց.

«ՄՕԿ-ը հետեւում է քաղաքականությանը, կարելի է ամեն հարց ՄՕԿ-ի նախագահի հետ քննարկել, բայց ի՞նչ է նշանակում Օլիմպիական խաղերից հանել ըմբշամարտը, սա անմիտ մոտեցում է ՄՕԿ-ի կողմից: Գուցե սա Ռուսաստանի դեմ է, կաշառք կա Ադրբեջանի կողմից, բայց եթե հանվի ըմբշամարտը` այն կազդի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ շատ այլ երկրների վրա: Կարծում եմ` ամբողջ աշխարհն է պայքարելու այս հարցի համար: Եթե հաստատվի ՄՕԿ-ի որոշումը՝ ինձ տհաճ է պատասխանել, թե ինչ կլինի: Երեխաները կորցնում են մի մարզաձեւ, ինչի հետ կապված երազանքներ ունեն»:

Հարցին, թե ինչ կանի անձամբ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, եթե սեպտեմբերին ընդունվի ՄՕԿ-ի որոշումը եւ ըմբշամարտը դուրս գա Օլիմպիական խաղերից, Լեւոն Ջուլֆալակյանը կես կատակ կես լուրջ ասաց.

«Առանց աշխատանքի չեմ մնա: Ես երկար տարիներ սպորտում եմ, արդեն երկար ժամանակ զբաղվում եմ մարզչական գործունեությամբ, ես շատ սիրում եմ սպորտը եւ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց սպորտի: Ես կշարունակեմ իմ մարզչական գործունեությունը, կմարզեմ երեխաների ու առանց աշխատանքի չեմ մնա: Միայն թե շատ երեխաներ, ապագա ըմբիշներ կդադարեն զբաղվել ըմբշամարտով, կզբաղվեն այլ մարզաձեւերով, հետաքրքրությունը սպորտի նկատմամբ կկորի, նպատակասլացությունը կանհետանա: Ոչ մի ծնող իր երեխային չի տա այնպիսի մարզաձեւի, որում հեռանկար չկա: Ես չեմ ասում՝ սպորտաձեը կանհետանա, կփակվի Հայաստանում: Մենք կշարունակենք զբաղվել ըմբշամարտով Հայաստանում, եթե ՄՕԿ-ն ընդունի այդ որոշումը:

Կան կարծիքներ, որ ըմբշամարտը իր դիտարժանությունը կորցրել է, բայց դրանում այս մարզաձեւով զբաղվողների մեղավորությունը չէ: Այս մարզաձեւն այնքան անդիտարժան չէ, որ այդ պատճառով հանեն Օլիմպիական խաղերից: ՄՕԿ-ն անընդհատ փոփոխում է ըմբշամարտի կանոնները եւ բոլորը վատ փոփոխություններ են, որոնք ազդում են մարզաձեւի հանդեպ հետաքրքրության վրա:

Ես գտնում եմ, որ առաջարկություն անողը տղամարդկային մարզաձեւ չի սիրում: Գուցե այդ առաջարկություն անողը միասեռական է: Համարում եմ, որ սա դավադրություն է ըմբշամարտի դեմ: Ու նաեւ համարում եմ, որ սա մեկ մարդու որոշում է, քանի որ այսքան անմիտ որոշում կամ անմիտ մարդու շուրջ չեն կարող համախմբվել շատ մարդիկ: Թող օրենքները փոխեն, եւ ոչ թե մարզաձեւ հանեն Օլիմպիական խաղերից: Հինգ օրից մեր հավաքականը մեկնելու է աշխարհի գավաթի խաղարկության: Ես ուզում եմ կազմակերպել մի քայլ, որ մենք համախմբված աշխարհի լուրջ ըմբիշներով դիմում-նամակ գրենք»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով