21:30  ,  27 հունիսի, 2024

Պատանեկան ԵԱ. Հայաստանը 10 բրոնզե մեդալ է ապահովել

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 10 ներկայացուցիչ ապահովել է առնվազն բրոնզե մեդալներ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Տղաների հավաքականից հաղթանակներ են տարել  Սիմոն Սիմոնյանը (48կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեն Պետրոսյանը (63 կգ),  Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) եւ գերծանր քաշային Հրաչ Խաչատրյանը:

48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը վստահ հաղթանակ է տարել Իսրայելի ներկայացուցիչ Ադիր Ագրոնովի նկատմամբ։

50 կգ քաշային Առնո Դարչինյանը հաղթեց խորվաթ Մարիո Նակիչին: Պատանի բռնցքամարտիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Պատանիների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Հովսեփյանը քառորդ եզրափակիչում պարտության մատնեց լիտվացի Յակուբաս Նեդզինկասին։

60 կգ քաշային Մարտին Սիմոնյանը ադրբեջանցու նկատմամաբ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Սիմոնյանը լարված պայքարում կամային հաղթանակ տարավ Վասուլ Խալիլովի նկատմամբ:

66 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը նոկաուտով հաղթեց խորվաթ Մաթեո Բաբոսին:

Կիսաեզրափակիչում է նաեւ 75 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը: Հայ բռնցքամարտիկը նախ նոկդաունի ենթարկեց լիտվացի Դրութել Էդվինին, ապա մեծ  առավելությամբ պարտության մատնեց մրցակցին։

Գերծանր քաշային Հրաչ Խաչատրյանը առավելության հասավ բուլղարացի Վասիլ Կատսարսկիի նկատմամբ:

Եւս երկու բրոնզե մեդալներ են ապահովել աղջիկների հավաքականի անդամներ Սյուզանա Իշխանյանը (46 կգ) եւ Համեստ Աֆրիկյանը (48 կգ): 

46 կգ քաշային Սյուզանա Իշխանյանը 5։0 հաշվով պարտության է մատնել խորվաթ Էմմա Անդելային։

48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտով հաղթել է սերբ Մելինդա Ուտասին:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում