13:24  ,  21 հունիսի, 2024

Արթուր Սողոմոնյան․ «Հանրապետականում» ՉԼ-ի տնային խաղն անցկացնելու հարցը չի լուծվում

«Հանրապետական» ստադիոնում տնային խաղն անցկացնելու հարցը, ցավոք, չի լուծվում: «Ուրարտու» ակումբը պատրաստ է մեզ խաղադաշտ տրամադրել: Եթե ֆեդերացիայի հետ չգանք համաձայնության, ամենայն հավանականությամբ՝ «Դինամո Միսնկին» կընդունենք «Ուրարտուի» ստադիոնում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հուլիսի 9-ից մեկնարկում է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Առաջին փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի  Բելառուսի «Դինամո Մինսկի» հետ։ Առաջին հանդիպումը կանցկացվի Մինսկում: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 16-ին Երեւանում:

«Ստադիոնի հարցը, ցավոք, չի լուծվում, քանի որ ֆեդերացիան շարունակում է իր խաղերը խաղալ, չի տալիս մեզ նորմալ պայմանագիր, որ մենք կարողանանք պատրաստվել եւ խաղալ: Շատ կուզեինք «Հանրապետականում» խաղալ, հատկապես, որ մեր առաջին մրցակիցը Բելառուսի չեմպիոն «Դինամո Մինսկն է»: Ուժեղ մրցակից է: Համոզված եմ, որ հետաքրքիր խաղ կլինի: Կարծում եմ՝ մեծ թվով երկրպագուներ կգան:

Դիմել ենք ամեն տեղ, որտեղ կարողացել ենք, նույնիսկ երկրի ղեկավարությանը: Կոչ է եղել նաեւ երկրպագուներին, որ անտարբեր չմնան եւ բարձրաձայնեն այս հարցը:

Վերջերս խոսեցի ՈՒԵՖԱ-ի հետ: Իրենք էլ ապշած են ֆեդերացիայի պահվածքից: Բոլորը տեղյակ են, ՈՒԵՖԱ-ն նույնպես տեղյակ է, թե ինչ է կատարվում: Մեզ ասացին, որ եթե մինչեւ վերջին պահը ֆեդերացիայի հետ լինի պայմանավորվածություն, բացառության կարգով թույլ կտան՝ ստադիոնը փոխել: Այսինքն՝ եթե փոխենք ավելի լավ ստադիոնի, ՈՒԵՖԱ-ն թույլ կտա:

Հունիսի 4-ը ստադիոնը ներկայացնելու վերջին օրն էր: Այս իրավիճակում տվեցինք Գյումրիի եւ Երեւանի «Ջունիոր» ստադիոնների հայտը: ՈՒԵՖԱ-ն «Ջունիոր» ստադիոնը չընդունեց, քանի որ այն չի համապատասխանում չափանիշներին, մանկապատանեկան ֆուտբոլի համար է:

Դիմեցինք «Ուրարտու», որպեսզի թույլ տա՝ իր դաշտում խաղանք: Նրանք պատրաստ էին տրամադրել, եթե մեր խաղերի օրերը չեն խանգարում իրենց խաղերին: Քիչ առաջ եկանք համաձայնության եւ, ուրախ եմ տեղեկացնել, որ «Ուրարտուն» պատրաստ է մեզ տրամադրել իր խաղադաշտը:

Մեզ շատ պետք է երկրպագուների աջակցությունը, որովհետեւ շատ կարեւոր խաղ է: Ինձ թվում է՝ երկրպագուների համար էլ հետաքրքիր կլինի գան, երկրպագեն։ Ցավոք, եթե խաղանք «Ուրարտուում», չենք կարողանա բոլոր երկրպագուներին տեղավորել: 

Բոլորս ուզում ենք խաղալ «Հանրապետականում»: Ֆեդերացիան, ստացվում է, չի ցանկանում տալ «Հանրապետականը», իսկ այն պայմանագիրը, որն առաջարկում է, մեզ համար անընդունելի է: Եթե ես ստորագրեմ այդ պայմանագիրը, շատ հավանական է, որ տեխնիկական պարտություն կրենք:

Հիմա սպասում ենք ու դեռ հույս ունենք, որ կկարողանանք ՀՖՖ-ի հետ գալ համաձայնության, բայց ունենք մի քանի օր: Պետք է չուշացնենք: Մեր խնդրանք ու պահանջն այն է, որ նորմալ, եվրոպական ստանդարտներով պայմանագիր տան, այլ ոչ թե այն նույն պայմանագրից, որոնց պատճառով երկու դատական գործ կա մեր կողմից:

Եթե ստորագրենք, ապահովագրված չենք, որ վերջին պահին ֆեդերացիան միակողմանի չի խզի ստադիոն տրամադրելու պայմանագիրը: Կմնանք առանց ստադիոն, չենք կարողանա վերջին պահին այլ ստադիոնում խաղալ: Մեղավորությունը կլինի «Փյունիկինը», մեխանիկորեն կգրանցվի տեխնիկական պարտություն  եւ դուրս կմնանք Չեմպիոնների լիգայից:

Եթե ես ստորագրեմ այդ պայմանագիրը, նշանակում է՝ ոչ մի առարկություն չունեմ եւ համաձայն եմ նրանց պայմանների հետ: Ստիպված պետք է լինեմ նախորդ երկու պայմանագրերի առնչությամբ դատական պրոցեսները հետ կանչել, քանի որ կամավոր համաձայնել եմ նրանց պայմաններին: Իմ կարծիքով՝ ֆեդերացիան դրան էլ գնում է, որ ես ստիպված լինեմ դադարեցնել դատական պրոցեսները:

Մինչ այս պահը միակ տարբերակը Գյումրին էր, այժմ արդեն «Ուրարտուն» է: Հույս ունեմ, որ որեւէ մեկը կկարողանա ազդեցություն ունենալ ՀՖՖ-ի վրա եւ բացատրել, որ այստեղ հարցը ոչ թե «Փյունիկ» - ֆեդերացիա հարաբերություններն են, այլ հայկական ֆուտբոլի, Հայաստանի պատիվը, հատկապես, երբ մրցակիցը Բելառուսի չեմպիոնն է: Չցանկանալով մտնել քաղաքականության մեջ,  Բելառուսի պարագայում մեզ համար սա պատվի խաղ է լինելու»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:

Մինսկի «Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում,  «Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի «Լյուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ:

«Փյունիկը» պարտվելու դեպքում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով