13:24 21 հունիսի, 2024«Հանրապետական» ստադիոնում տնային խաղն անցկացնելու հարցը, ցավոք, չի լուծվում: «Ուրարտու» ակումբը պատրաստ է մեզ խաղադաշտ տրամադրել: Եթե ֆեդերացիայի հետ չգանք համաձայնության, ամենայն հավանականությամբ՝ «Դինամո Միսնկին» կընդունենք «Ուրարտուի» ստադիոնում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հուլիսի 9-ից մեկնարկում է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Առաջին փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի Բելառուսի «Դինամո Մինսկի» հետ։ Առաջին հանդիպումը կանցկացվի Մինսկում: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 16-ին Երեւանում:
«Ստադիոնի հարցը, ցավոք, չի լուծվում, քանի որ ֆեդերացիան շարունակում է իր խաղերը խաղալ, չի տալիս մեզ նորմալ պայմանագիր, որ մենք կարողանանք պատրաստվել եւ խաղալ: Շատ կուզեինք «Հանրապետականում» խաղալ, հատկապես, որ մեր առաջին մրցակիցը Բելառուսի չեմպիոն «Դինամո Մինսկն է»: Ուժեղ մրցակից է: Համոզված եմ, որ հետաքրքիր խաղ կլինի: Կարծում եմ՝ մեծ թվով երկրպագուներ կգան:
Դիմել ենք ամեն տեղ, որտեղ կարողացել ենք, նույնիսկ երկրի ղեկավարությանը: Կոչ է եղել նաեւ երկրպագուներին, որ անտարբեր չմնան եւ բարձրաձայնեն այս հարցը:
Վերջերս խոսեցի ՈՒԵՖԱ-ի հետ: Իրենք էլ ապշած են ֆեդերացիայի պահվածքից: Բոլորը տեղյակ են, ՈՒԵՖԱ-ն նույնպես տեղյակ է, թե ինչ է կատարվում: Մեզ ասացին, որ եթե մինչեւ վերջին պահը ֆեդերացիայի հետ լինի պայմանավորվածություն, բացառության կարգով թույլ կտան՝ ստադիոնը փոխել: Այսինքն՝ եթե փոխենք ավելի լավ ստադիոնի, ՈՒԵՖԱ-ն թույլ կտա:
Հունիսի 4-ը ստադիոնը ներկայացնելու վերջին օրն էր: Այս իրավիճակում տվեցինք Գյումրիի եւ Երեւանի «Ջունիոր» ստադիոնների հայտը: ՈՒԵՖԱ-ն «Ջունիոր» ստադիոնը չընդունեց, քանի որ այն չի համապատասխանում չափանիշներին, մանկապատանեկան ֆուտբոլի համար է:
Դիմեցինք «Ուրարտու», որպեսզի թույլ տա՝ իր դաշտում խաղանք: Նրանք պատրաստ էին տրամադրել, եթե մեր խաղերի օրերը չեն խանգարում իրենց խաղերին: Քիչ առաջ եկանք համաձայնության եւ, ուրախ եմ տեղեկացնել, որ «Ուրարտուն» պատրաստ է մեզ տրամադրել իր խաղադաշտը:
Մեզ շատ պետք է երկրպագուների աջակցությունը, որովհետեւ շատ կարեւոր խաղ է: Ինձ թվում է՝ երկրպագուների համար էլ հետաքրքիր կլինի գան, երկրպագեն։ Ցավոք, եթե խաղանք «Ուրարտուում», չենք կարողանա բոլոր երկրպագուներին տեղավորել:
Բոլորս ուզում ենք խաղալ «Հանրապետականում»: Ֆեդերացիան, ստացվում է, չի ցանկանում տալ «Հանրապետականը», իսկ այն պայմանագիրը, որն առաջարկում է, մեզ համար անընդունելի է: Եթե ես ստորագրեմ այդ պայմանագիրը, շատ հավանական է, որ տեխնիկական պարտություն կրենք:
Հիմա սպասում ենք ու դեռ հույս ունենք, որ կկարողանանք ՀՖՖ-ի հետ գալ համաձայնության, բայց ունենք մի քանի օր: Պետք է չուշացնենք: Մեր խնդրանք ու պահանջն այն է, որ նորմալ, եվրոպական ստանդարտներով պայմանագիր տան, այլ ոչ թե այն նույն պայմանագրից, որոնց պատճառով երկու դատական գործ կա մեր կողմից:
Եթե ստորագրենք, ապահովագրված չենք, որ վերջին պահին ֆեդերացիան միակողմանի չի խզի ստադիոն տրամադրելու պայմանագիրը: Կմնանք առանց ստադիոն, չենք կարողանա վերջին պահին այլ ստադիոնում խաղալ: Մեղավորությունը կլինի «Փյունիկինը», մեխանիկորեն կգրանցվի տեխնիկական պարտություն եւ դուրս կմնանք Չեմպիոնների լիգայից:
Եթե ես ստորագրեմ այդ պայմանագիրը, նշանակում է՝ ոչ մի առարկություն չունեմ եւ համաձայն եմ նրանց պայմանների հետ: Ստիպված պետք է լինեմ նախորդ երկու պայմանագրերի առնչությամբ դատական պրոցեսները հետ կանչել, քանի որ կամավոր համաձայնել եմ նրանց պայմաններին: Իմ կարծիքով՝ ֆեդերացիան դրան էլ գնում է, որ ես ստիպված լինեմ դադարեցնել դատական պրոցեսները:
Մինչ այս պահը միակ տարբերակը Գյումրին էր, այժմ արդեն «Ուրարտուն» է: Հույս ունեմ, որ որեւէ մեկը կկարողանա ազդեցություն ունենալ ՀՖՖ-ի վրա եւ բացատրել, որ այստեղ հարցը ոչ թե «Փյունիկ» - ֆեդերացիա հարաբերություններն են, այլ հայկական ֆուտբոլի, Հայաստանի պատիվը, հատկապես, երբ մրցակիցը Բելառուսի չեմպիոնն է: Չցանկանալով մտնել քաղաքականության մեջ, Բելառուսի պարագայում մեզ համար սա պատվի խաղ է լինելու»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:
Մինսկի «Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի «Լյուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ:
«Փյունիկը» պարտվելու դեպքում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» եւ Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.