09:55  ,  21 նոյեմբերի, 2012

«Նորդշելանդի» ավագ. «Շախտյորը» չգիտի Fair Play-ի մասին

«Շախտյորը» չգիտի, թե ինչ է արդար խաղը, նոյեմբերի 20-ին կայացած Չեմպիոնների լիգայի՝ «Նորդշելանդ» - «Շախտյոր» (2։5) խաղից հետո հայտարարել է դանիական ակումբի ավագի Նիկոլայ Ստոկհոլմը։

«Ես նայում էի ավագի թեւկապին, որի վրա գրված էր Fair Play։ Կարծում էի, որ ֆուտբոլում ինչ-որ բան պետք է կապ ունենա հարգանք բառի հետ։ Մենք Fair Play չտեսանք այս խաղում։ Երեւի, «Շախտյորը» չգիտի արդար խաղի մասին։ Ես կարծում էի, որ նրանք թույլ կտան մեզ գոլ խփել, սակայն ուկրաինական ակումբի ֆուտբոլիստների մի մասն այլ կարծիքի էին»,- Ստոկհոլմի խոսքը փոխանցում է Daily Mail-ը։

«Նորշելանդի» մարզական տնօրեն Յան Լարսենը խաղից հետո հետեւյալ կերպ է մեկնաբանել Լուիս Ադրիանոյի խփած գոլը. «Հուսով եմ՝ տղաս քնած է եղել եւ չի տեսել այդ դրվագը։ Դա բոլոր տեսակի երեւակայությունից դուրս էր»։

Հիշեցնենք, որ «Նորդշելանդ» - «Շախտյոր» խաղի առաջին խաղակեսում, երբ Դոնեցկի թիմը պարտվում էր 0։1 հաշվով, «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանը ցանկանում էր գնդակը հանձնել դանիացիներին, սակայն այն հայտնվեց Լուիս Ադրիանոյի մոտ, իսկ բրազիլացի հարձակվողը, դիմադրության չհանդիպելով դանիացի պաշտպանների կողմից, հավասարեցրեց հաշիվը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով