19:40  ,  22 մայիսի, 2024

Խաբի Ալոնսո․ Մեր խնդիրն է հաղթել առաջիկա 2 եզրափակիչներում

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է իտալական «Ատալանտայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրոպայի լիգայի եզրափակիչում։

«Հինգ տարում «Ատալանտան» Ջան Պիերո Գասպերինիի գլխավորությամբ ձեռք է բերել ճանաչելի դեմք։ Մենք գիտենք այդ թիմի հնարավորությունները, որոնք շարունակում են զարգանալ։ Մենք խաղացել ենք այսպիսի մրցակիցների դեմ Բունդեսլիգայում։ Եզրափակիչում ամենակարեւորը կլինի մտածելակերպն ու հոգեբանությունը։

Մենք ունենք մեր ծրագիրն այս խաղում եւ կձգտենք հետեւել դրան։ Ցանկանում ենք շարունակել տոնական եւ հաղթական մրցաշրջանը։

Մեր պատրաստության մեջ ոչինչ չենք փոխել։ Այս մրցաշրջանում արդեն անցկացրել ենք 51  հանդիպում։ Խաղացողները գիտակցում են՝ ինչ պետք է անել, ինչպես պետք է մոտենալ եզրափակիչին։ Մեր խնդիրն է հաղթել առաջիկա երկու եզրափակիչներում»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 22-ին Դուբլինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Գերմանիայի գավաթի եզրափակիչում «Բայերը» մայիսի 25-ին կմրցի «Կայզերսլաուտերնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս