Գերմանական Կիլ քաղաքում մարտի 31-ին Արթուր Աբրահամը WBO վարկածով Եվրոպայի ուժեղագույն բռնցքամարտիկի կոչումը կվիճարկի լեհ Պյոտր Վիլշեւսկու հետ: Յուրաքանչյուր մենամարտից մեկ շաբաթ առաջ Արթուրը գրեթե ամբողջությամբ կտրում է կապը լրատվամիջոցների հետ՝ առաջիկա մենամարտի նախապատրաստության ընթացքում չշեղվելու համար:
Երկրորդ միջին քաշային կարգում Աբրահամը անցկացրել է 36 մենամարտ, որոնցից 33-ում հաղթանակի հասել: Վիլշեւսկու հետ մենամարտով Արթուր Աբրահամը սկսում է իր նոր վերելքը այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելու համար: Մենամարտից առաջ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Աբրահամի հետ:
Արթուր, մենամարտի նախապատրաստական փուլը անցավ ինչպես որ դու նախատեսե՞լ էիր: Որեւիցե խնդիր չկա՞ ռինգ դուրս գալուց առաջ:
Ամեն ինչ շատ լավ է: Ես իմ թիմի հետ գտնվում եմ Քիլբաուն քաղաքում, որը Գերմանիայում հայտնի է որպես մարզիկների հավաքատեղի, ինչպես օրինակ՝ Ծաղկաձորը Հայաստանում: Արդեն հինգ շաբաթ է այստեղ ենք, եւ բնականաբար ծանրաբեռնված պատրաստվում եմ առաջիկա մենամարտին: Այստեղ հիմնականում ես սպարինգներ անցկացրեցի, որոնք կավարտեմ մոտ օրերս: Փառք Աստծո, ամեն ինչ լավ է, լավ մարզավիճակում եմ, վնասվածքներ չունեմ: Պատրաստվում եմ այնպես, ինչպես որ ծրագրավորված էր:
Արթուր, այս պահին դու եւ մարզիչներդ ավելի խորն եք ուսումնասիրել Վիլշեւսկուն: Ինչպե՞ս կբնութագրես մրցակցիդ:
Վիլշեւսկուն թերագնահատել չի կարելի միանշանակ: Եվրոպայի չեմպիոն իզուր չեն դառնում, իսկ Վիլշեւսկին նման հաջողության հասել է արդեն: Ես ճանաչում եմ մրցակցիս, որպես շատ «պինդ» բռնցքամարտիկի: Ֆիզիկապես միշտ լավ պատրաստված է ու տիրապետում է շատ ուժեղ ու ծանր հարվածների: Մյուս կողմից էլ հիմա թույլ բռնցքամարտիկներ նման աստիճանի մենամարտերում չկան: Յուրաքանչյուրի դեմ պետք է պատրաստվես յուրովի ու հասնես քո նպատակին:
Արթուր, իսկ քո եւ մարզչիդ կողմից ինչ-որ հատուկ գործողություն կա՞ մշակված Վիլշեւսկու դեմ:
Ես հիմա չեմ ուզում բացել շատ փակագծեր, բայց նշեմ, որ հաշվի առնելով, որ Վիլշեւսկին տիրապետում է շատ ծանր հարվածների, պետ ք է ամեն ինչ անեմ, որ զրկեմ նրան հարվածելու հնարավորությունից:
Այս պահի դրությամբ, կարծում ենք, դու մտածում ես Վիլշեւսկու հետ մենամարտի մասին: Հետագա մարտերը առայժմ քեզ չպետք է որ հետաքրքրեն:
Իհարկե: Պետք է առուն թռնենք, նոր հոպ ասենք: Ես արդեն նշեցի, որ թերագնահատել մրցակցին չի կարելի: Պետք է այս մենամարտը անցկացնենք ու հաղթենք, հետո նոր մտածենք մյուսների մասին: Հակառակ դեպքում մրցակիցը կօգտագործի մեր վրիպումը:
Քո մարտավարության մեջ կա մի հատված, որ մարտի ընթացքում կիրառելու ես ու անցնես վճռական գործողությունների հետախուզումից հետո:
Ճիշտն ասած, Վիլշեւսկու նման բռնցքամարտիկի հետ մարտում ես չեմ ուզում երկար հետախուզում անել: Ծանր քաշում ես զգացել եմ, որ երկար հետախուզման ժամանակ «հարվածող» բռնցքամարտիկները օգտագործում են առիթը եւ շատ հարվածներ անցկացնում` շոշափելով մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը: Ես միանգամից, առաջին ռաունդից հարձակողական ոճն եմ նախընտրելու:
Արթուր, հաջողություն ենք ցանկանում քեզ առաջիկա մենամարտում:
Շնորհակալ եմ: Ես ել իմ կողմից իմ երկրպագուներին մեծ հաջողություններ եմ ցանկանում, ով էլ որ իմ երկրպագուն չէ, իրեն էլ եմ հաջողություններ ցանկանում:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում