20:57  +04,  29 փետրվարի, 2012

Boxing News 24. Աբրահամը շարունակում էր պարտվել, սակայն մնում էր լավագույն հնգյակում

Մարտի 31-ին կկայանա Արթուր Աբրահամ – Պյոտր Վիլշեւսկի մենամարտը, որի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել WBO վարկածով երկրորդ միջինքաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտի։

Boxing News 24 կայքը զարմացած է, թե ինչու է Super Six մրցաշարում երեք պարտություն կրած Արթուր Աբրահամը հայտնվել երկրորդ միջինքաշային կարգի հինգ լավագույն բռնցքամարտիկների ցուցակում։ Կայքը նաեւ գնահատել է Աբրահամի հնարավորություններն առաջիկա մենամարտում։

Ներկայացնում ենք Boxing News 24 կայքում հրապարակված Ուիլյամ Մակեայի հոդվածը։

«Արթուր Աբրահամը պետք է շատ աշխատի, որպեսզի հնարավորություն ստանա հանդիպել Ռոբերտ Շտիգլից - Միկել Կեսլեր մենամարտի հաղթողի հետ եւ վիճարկի WBO վարկածով չեմպիոնական գոտին։

32-ամյա Աբրահամը, ով ավելի ճիշտ կաներ հանդես գար միջինքաշային կարգում, որոշեց տեղափոխվել երկրորդ մեջինքաշային կարգ եւ Super Six մրցաշարում պարտվեց Անդրե Դիրելին, Կարլ Ֆրոչին եւ Անդրե Ուորդին։

Աբրահամը մարտի 31-ին կմենամարտի EBU վարկածով Եվրոպայի նախկին չեմպիոն Պյոտր Վիլշեւսկու հետ գերմանական «Սպարկասե Արենա» մարզահամալիրում։

Աբրահամը երկրորդն է WBO վարկածով եւ երրորդը՝ WBA վարկածով, սակայն նա պարտվեց կարեւոր մենամարտերում։ 

Զարմանալի է, որ այսքան պարտություններից հետո Աբրահամը շարունակում է մնալ լավագույն հնգյակում։

WBC վարկածով 14-րդը համարվող Վիլշեւսկին կարող է դառնալ այն մեկը, ով կհաղթի Աբրահամին եւ վերջնականապես կզրկի նրան հինգ լավագույն բռնցքամարտիկների շարքում գտնվելուց։

Վիլշեւսկին հենց այն բռնցքամարտիկն է, որը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Աբրահամին հաղթողների համար։ Սակայն պետք չէ մոռանալ, որ Աբրահամն իր ուժեղ հարվածներով կարողանում է փակել իր թույլ կողմերը։

Չեմ կարող պատկերացնել, որ Աբրահամը կկարողանա հաղթել Վիլշեւսկու պես բարձրակարգ բռնցքամարտիկին։ Չնայած, Գերմանիայում մրցավարները հաճախ են սխալ որոշումներ կայացնում։  

Հուսով եմ, որ այս անգամ այդպես չի լինի, սակայն չեմ զարմանա, որ անցյալը նորից կրկնվի։

Աբրահամի թիկունքում բարձրակարգ պրոմոութեր է կանգնած եւ նրա անունը շատ կխանգարի Վիլշեւսկուն մրցավարների կողմից հաղթող ճանաչվելու համար։ Նա շատ ուժեղ է, բայց այնպիսի ուժեղ հարվածների չի տիրապետում, որպեսզի կարողանա նոկաուտի ենթարկել Աբրահամին։ Վիլշեւսկին պետք է լավ պատրաստվի, քանի որ նրան շատ բարդ մենամարտ է սպասվում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: