02:17  ,  6 հունվարի, 2023

«Բավարիան» ներկայացրեց Դեյլի Բլինդին (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» ներկայացրեց թիմի նորեկ Դեյլի Բլինդին։ Նիդեռլանդների հավաքականի  պաշտպանը մյունխենյան ակումբին է միացել ազատ գործակալի կարգավիճակում։ Բլինդն անցած ամիս երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրն Ամստերդամի «Այաքսի» հետ։

Բլինդի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Ուրախ ենք, որ Դեյլին միացավ մեր թիմին։ Նա ունիվերսալ պաշտպան է, կարող է խաղալ կենտրոնում եւ եզրում։ Բլինդը մեծ միջազգային փորձ եւ առաջատարի որակներ ունեցող խաղացող է։ Վստահ եմ՝ նա մեզ կօգնի»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։

«Մոտենում է մրցաշրջանի ամենակարեւոր փուլը, երբ կվիճարկվեն տիտղոսներ, իսկ «Բավարիայի» նման ակումբը կարող է հավակնել բոլոր տիտղոսներին։ Իմ ընտրության հարցում որոշիչ է եղել այդ գործոնը։ Հույս ունեմ, որ իմ փորձով կկարողանամ օգնել թիմին»,- Բլինդի խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը։

2019 թվականին Դեյլի Բլինդի մոտ ախտորոշվել էր սրտամկանի բորբոքում։ 32-ամյա ֆուտբոլիստը վիրահատվել էր եւ վերսկսել կարիերան։ Նա Նիդեռլանդների հավաքականի հետ մասնակցեց նաեւ 2022թ․ աշխարհի առաջնությանը։ Ազգային թիմում նա անցկացրել է 99 խաղ, խփել 3 գոլ։

«Այաքսում» Դեյլի Բլինդը մասնակցել է 333 պաշտոնական հանդիպման, խփել 13 գոլ։

Դեյլի Բլինդը 2018 թվականին էր երկրորդ անգամ միացել «Այաքսին», որի խաղացող է եղել նաեւ 2008-2014 թվականներին, այնուհետեւ 4 տարի խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news