13:29  ,  6 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Վազգեն Թևանյանը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն 21-ամյա ըմբիշն օգոստոսի 6-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտել էր աշխարհի գործող չեմպիոն (2019թ.) ու կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018), Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովին:

Եթե 25-ամյա ռուս ըմբիշը նվաճեր եզրափակիչի ուղեգիր, Վազգեն Թևանյանը հնարավորություն կստանար օգոստոսի 7-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն կիսաեզրափակիչում Գաջիմուրադ Ռաշիդովը 2:3 հաշվով պարտվեց ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին:

Եզրափակիչում 21-ամյա Տակուտո Օտոգուրոյի մրցակիցը կլինի ադրբեջանցի Հաջի Ալիևը, որին Վազգեն Թևանյանն այս տարվա մարտին 9:0 հաշվով հաղթել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչում: 

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) մեկնարկային գոտեմարտում 1:6 հաշվով պարտվել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին և լքել պայքարը:

Այսպիսով, 17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտեց 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալով: Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը երրորդ տեղն էր գրավել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով